Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/644

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Աղջիկն իր օժիտն էր գործում։ Սեյիդն ասաց, որ շուտով քյաբինը կտրելու է:

— Տեսնես ինչ քաֆթառ մարմին պիտի գրկի այս փոքրիկին, ո՛ր ծերունու չորացած շրթունքները պիտի համբուրեն սրան,— զայրացած ասաց ընկերս ու դուրս եկավ։

Ես էլ դուրս եկա սենյակից։ Դռան մոտ ետ նայեցի, աղջիկն էլ նայեց։ Ու այնպե՜ս ծով խեղճություն, անտերունչ գառան վիշտ կար նրա աչքերում:

Հանկարծ լեզու առներ կարպետը գունավոր ու պատմեր, թե ինչ մտքեր է հյուսել աղջիկը հենքին, ինչպես ծանր հառաչել է կուփիչի զրնգան ձայնի հետ ու ինչպես նրա բարակ, դեղին մատները ամեն մի թելի հետ մի մանր միտք են կապել կարպետին»:

Բակունցը զգացված է եղել, և, ըստ երևույթին, հենքի դիմաց նստած աղջկա խոհերը հանգիստ չեն տվել նրան, մինչև որ ստեղծվել է «Սաբու» գողտրիկ պատմվածքը:

Պատմվածքում միևնույն այլանդակ երևույթի երկու տարբեր զոհերին Բակունցը «միավորել» է մի կերպարի մեջ. իրական Սեյիդի մանկամարդ կինը և նույն Սեյիդի չամուսնացած, բայց նույնպիսի ամուսնության պատրաստվող մանկամարդ դուստրը «Սաբուի» մեջ դարձել են մի հերոսուհի։ Ակնարկում ցույց է տրված, որ Սեյիդի դուստրին պետք է վիճակվեր իր հոր մանկամարդ կնոջ բախտը: «Սաբուի» մեջ միևնույն հերոսուհին է ցույց տրված թե՛ չամուսնացած, թե՛ ամուսնացած վիճակներում: Փաստական նյութի այսպիսի «խտացումը» իրականի պատկերումը զգալիորեն գեղարվեստականացրել է։

Առհասարակ պատմվածքը ակնարկի համեմատ ավելի ուժեղ է փաստերի գեղարվեստական վարպետ մշակման շնորհիվ: Պատմվածքում նաև ավելի բանաստեղծական է նկարագրված աղջիկը գորգի առաջ: «Այդ գիշեր Սաբու գյուղում մանկամարդ մի աղջիկ տորքի առաջ գորգ էր գործում։ Բարակ ծամեր ուներ աղջիկը, ծամերի ծայրից կախ էին մետաղյա բոժոժներ: Աղջիկը գլուխը աջ ու ձախ էր դարձնում, դեղնած մատներով բռնում գունավոր թելերը, թելը թելին հագցնում, ապա ծանր սանրով կոփում հանգույցները։ Դարսվում էին իրար վրա հանգույցները, ծնվում էին նախշեր, նռան ճյուղեր, տերևներ, տերևների մեջ երկու թև, որ աղջկան թվում էր երգող թռչուն։ Ամեն անգամ, երբ աղջիկը սանրը զարկում էր հյուսածին, շարժվում էին գույնզգույն կծիկները, զրնգում էին և ծամերի բոժոժները։

Երբ ձիավորներն անցան փողոցով, շները հաչեցին կանաչ աբայի վրա: Աղջիկը գլուխը թեքեց, Սեյիդը ճրագի լույսով տեսավ և գորգը, և տորքի առաջ նստած աղջկան։ Նրան թվաց, թե աղջիկն ինքը մի գունավոր նախշ է գորգի վրա»։

Ակնարկի համեմատ պատմվածքում աղջկա ողբերգությունը միայն այն չէ, որ նրա ջահելությունը զոհաբերվում է Սեյիդի ծերությունը «քաղցրացնելուն»։ Այս հիմնականը հեղինակը պատմվածքը գրելիս սաստկացրել է. նախ կարևոր տեղ է գրավել գյուղում իշխող աղանդը, որի համաձայն տարվա մեջ մի գիշեր գռեհիկ ծես է կատարվում։ Անմեղ աղջիկը այդ գիշերներից մեկում դառնում է Սեյիդի կրքերի զոհը: Ապա՝ պատմվածքում աղջկա ողբերգական վիճակը