Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/645

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սաստկացված է նաև այն բանով, որ նրան զրկում են հարազատ միջավայրից, տանում օտար երկիր։

Արդյոք հեղինակը ունեցե՞լ է սրա համար ևս փաստական նյութ, թե ինքն է հնարել այդ՝ երկն ուժեղացնելու համար, դժվար է ասել։

«Սաբուի» վերջին երկու պարբերությունները ամփոփում ու կենտրոնացնում են ողբերգականությունը. Բակունցը դիմում է խոսքի քնարականությունն ուժեղացնող իր սիրելի հնարանքին՝ վերհուշին (« Այն ափի գյուղում մի պառավ կին, երբ առվի ջրի մեջ լվանում է մաշված գորգը, ձեռքը ճակատին դրած, նա նայում է հեռու, ուր անտառների մեջ պահված է հայրենի Սաբուն։ Խունացած գորգի նախշերը առվի ջրում հանկարծ պայծառանում են, և պառավին այնպես է թվում, թե ծամերի ծայրին հնչում են մանկության անուրախ բոժոժները»)։ Սա գուցե և ընդհանուր փաստական հիմք ունեցել է, այսինքն՝ Արաքսի մյուս ափը մանկամարդ աղջիկներին կնության տանելու փաստեր երևի ծանոթ են եղել հեղինակին, և նա կարող էր ենթադրել նրանց հետագա ճակատագիրն ու զգացած կարոտը մանկության օրրանի հանդեպ։

ԱԼՊԻԱԿԱՆ ՄԱՆՈՒՇԱԿ
(էջ 179)

Բնագրային աղբյուրներ՝ ԽՀ 1927, 1 հանվ., № 1, 4 հանվ., № 2. ՏՁ,, Մժ, ՍՑՍԺ:

Տպագրվում է ըստ ՍՑՍԺ-ի բնագրի:

Առաջին անգամ հրապարակվել է «Խորհրդային Հայաստան» օրաթերթի 1927 թ. հունվարի 1-ի և 4֊ի համարներում, (թերթի 2-րդ համարը լույս է տեսել հունվարի 4-ին), ապա նույն թվականին՝ հեղինակային որոշ խմբագրումից հետո՝«Մթնաձոր» ժողովածուի մեջ։ 1933-ին լիովին վերամշակված և Արփենիկ Չարենգի հիշատակին նվիրագրությամբ տեղ է գտել «Սև ցելերի սերմնացանը» ժողովածվում։ Հիշյալ նվիրագրության պատճառը կամ պատճառներից մեկը, հավանաբար, եղել է այն, որ Ե. Չարենցի կինը՝ Արփենիկը, մահացել է Ալպիական մանուշակը» հրապարակվելու ընթացքում՝ հունվարի 2-ին. նախորդ օրը լույս էր տեսել պատմվածքի առաջին մասը, շարունակությունը տպագրվում է «Խորհրդային Հայաստանի» հաջորդ համարում, որտեղ տպագրվել է նաև Արփենիկի մահվան ազդը։

Հեղինակի կենդանության ժամանակ տպագրվել է նաև «Հայ գրականության քրեստոմատիայում» (10֊րդ դասարանի համար, Երևան, 1934)։ 1955 թ. տեղ է գտել Երկերի երևանյան հրատարակության մեջ և, «Ամբողջական գործը» ժողովածուի (Բեյրութ) Ա հատորում, 1959 թ.՝ «Եղբայրության ընկուզենիներ» ժողովածվում, 1962 թ. լույս է տեսել «Ալպիական մանուշակ» գրքույկում «Միրհավի» հետ, 1964 թ. տեղ է գտել երկերի առաջին հատորում, 1969-ին՝ «Ալպիական մանուշակ» ժողովածուի մեջ։ Տպագրվել է նաև մամուլում, ժողովածուների մեջ․ ինչպես, օրինակ, «Ավանգարդ» թերթում (1959 թ., № 128),