Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/646

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սովետական գրականություն. քրեստոմատիաս դասագրքի մի շարք հրատարակություններում՝ սկսած 1956 թվականից և այլն: «Մթնաձոր» ժողովածուի տպարանային ձեոագիրը բաղկացած է 13 փոքրագիր (18,5 սմ) թերթերից, յուրաքանչյուրի մեկ էջում բնագիրը մաքուր գրված է հեղինակի ձեռքով, սև թանաքով։ Թուղթը սպիտակ, փայլուն։ Մեկ էջում 36 — 40 տող։ Էջերի վերին ձախ անկյունում՝ առանձին էջակալում (2-րգ էջից) ձեռագրի թանաքով՝ 2 —13, ապա նաև՝ ընդհանուր էջակալում մանուշակագույն թանաքով՝ 178—190։ Թուղթը, թանաքը, առանձին էջակալման եղանակը նույնն են, ինչ որ «Լառ Մարգար» պատմվածքի տպարանային ձեռագրինը:

«Սև ցելերի սերմնացանը» ժողովածուի մեջ պատմվածքի վերջում դրված է՝ 25 — 27։ Այս թվականներից առաջինը պետք է ցույց տա պատմվածքը գրելու, մյուսը վերամշակելու ժամանակը (տես «Միրհավ» պատմվածքի ծանոթագրությունը): Երկրորդն անվստահելի է։ Հավանական չէ, որ 1927 թ. երկու անգամ լույս տեսած պատմվածքը նույն տարում էլ հեղինակը արմատական վերամշակման ենթարկեր մի նոր ժողովածուի մեջ տպագրելու համար և դրանից հետո այլևս անփոփոխ թողներ մինչև 1933 թվականը, երբ լույս տեսավ այգ ժողովածուն։ 1927-ին Բակունցը չէր կարող նախատեսած լինել «Սև ցելերի սերմնացանը» ժողովածուն, որի պատմվածքների մեծ մասը գրված կամ վերամշակված է 1930-ական թվականներին: Մեզ թվում է, որ «Ալպիական մանուշակի» հիմնական և վերջին վերամշակումը կատարվել է 1930 կամ 31 թվականին։

Իբրև «Ալպիական մանուշակը» գրելու թվական նշված 1925-ը նույնպես հարկ եղածին չափ համոզիչ չի թվում, քանի որ այդ երկը գրվել է Մեղրու շրջան հեղինակի կատարած մի ուղևորությունից հետո։ Այդ ուղևորությունը Բակունցը կատարել է իր բարեկամի՝ երկրաբան Տիգրան Զրբաշյանի հետ միասին։ Նրանք մի երրորդ անձի ուղեկցությամբ այցելել են Մեղրու շրջանի մի շարք վայրեր, այդ թվում ավերակ բերդեր։ Ըստ մեր ունեցած տեղեկությունների այդ ուղևորությունը կատարվել է 1926 թ. ուշ գարնանը կամ ամռանը։ Բակունցի մի այլ բարեկամի՝ պատմաբան Մորուս Հասրաթյանի վկայությամբ ևս այդ ուղևորությունը 1926 թվականին է տեղի ունեցել։ Հայտնի է նաև, որ «Ալպիական մանուշակը» հեղինակն առաջին անգամ կարդացել է իր ընկերուհի Ժենյա Գյոզալյանին, Երևանում, իսկ դա ամենից ավելի հավանական է, որ տեղի ունեցած լինի 1926 թ. գարնանից հետո, երբ Բակունցը Գորիսից տեղափոխվել էր Երևան և բնակություն հաստատել այստեղ։ Ժ. Գյոզալյանը, որը նաև՝ «Ալպիական մանուշակում» նկարչի կողմից վերհիշվող «սև թավշե գլխարկով» կնոջ նախակերպարն է, Երևանում Բակունցի պատմվածքի առաջին ունկնդիրը կարող է եղած լինել 1926 թվականի երկրորդ կեսին, երբ նա գտնվել է այս քաղաքում։

«Ալպիական մանուշակում» իրական փաստերի համեմատ կարևոր փոփոխությունն այն է, որ ինքը՝ գրողը դարձել է նկարիչ, իսկ երկրաբան ուղեկիցը՝ հնագետ: Նկատի ունենալով, որ Բակունցը գրեթե միշտ իր կերպարների հատկանիշները իրականից էր պատկերում, այսինքն՝ իրական անձանց էր նկատի ունենում և երբեմն էլ մեկ կերպարի մեջ միավորում երկու, նույնիսկ երեք իրական անձանց հատկություններ, կարելի է չկասկածել, որ «Ալպիական մանուշակի»