Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/647

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նկարիչը՝ իր հակումներով, նաև մի այլ իրական հիմք ունի, պետք է որ իրողություն լինեն լեռնային գեղջկուհու և ալպիական մանուշակների ճեպանկարները հանելու, ինչպես և հնագետի որոնումների նկարագրությունները։ Հնարավոր չեղավ պարզել, թե Բակունցը ինչ նկարիչի է նկատի ունեցել և նրա՝ որտեղ ու ինչ առիթով կատարված ճեպանկարները։ Ինչ վերաբերում է «Բակուր իշխանի դամբարանը» որոնող հնագետին, ապա գրողը հնարավոր է, որ նկատի (ունեցել պատմաբան֊ հնագետ Մ. Հասրաթյանին։ Ավելի ճիշտ, իր իրական ուղեկից Տ. Զրբաշյանին, ըստ պատմվածքի բովանդակության պահանջի, փոխարինել է հնագետով։

Հնարավո՞ր է արդյոք, որ Բակունցը իր նշած 1925 թվականին մի այլ նախնական պատմվածք գրած լիներ նկարչի, հնագետի ու լեռնային գեղջկուհու մասին՝ առնչված մի այլ վայրում կատարած իրողության հետ, իսկ հետո, Մեղրու շրջանից ստացած տպավորություններն օգտագործելով, վերափոխեր պատմվածքը, դեպքերի վայրը դարձնելով Կաքավաբերդն ու նրա շրջակայքը։ Այդպիսի հնարավորությունը, կարծում ենք, բացառված չէ։

էջ 179, տող 1- Ալպիական մանուշակ—Բույս գինարբուկագգիների ընտանիքից (cyclamen eurapaeuin), հայերեն կոչվում է նաև արանց ծաղիկ, տարատեսակները Հայաստանի տարբեր վայրերում՝ լոշ, արջտակ, մանուշ։ Զանգեգուրում կա սարի մընիշակ, որ տարբեր է Բակունցի նկարագրած ծաղկից, բայց հնարավոր է, որ այդ անունը վերափոխելով գրողը օգտագործած լինի արանց ծաղիկը անվանելու համար: Պատմվածքի բովանդակությունը և գեղարվեստական արժեքը շատ բանով են պայմանավորված ծաղիկը ալպիական մանուշակ անվանելու փաստով:

Էջ 179, տող 3 (և հետո) . Կաքավաբերդի գլխին...— Կաքավաբերդը (Կքեբերդ) եղել է Սյունիքի ամենանշանավոր բերդերից: Գտնվել է Արևիքի (այժմյան՝ Մեղրու) շրշանում: Ստույգ վայրը որոշված չէ, ենթադրում են, որ Մեղրու շրջանում Կալեր-Վանքի մոտակայքում եղած ավերակներն են միշնադարյան այդ անառիկ բերդի մնացորդները:

Էջ 179, տող 16 (և հետո). Բասուտա — Զանգեզուրի գետերից, գրավոր աղբյուրներում՝ Բասուտ, այժմ պաշտոնապես կոչվում է Ծավ գետ։ Մենք Զանգեզուրում լսել ենք Բասուտա անվանաձևը: Սկիզբ է առնում Մեղրու լեռների արևելյան մասից, թափվում Արաքսը:

Էջ 182, տող 24. Բակուր իշխանի դամբանը — Բակուր անունով Սյունյաց իշխանների մեջ նշանավոր են եղել՝ Բակուր Սյունյաց նահապետը՝ II դար և Բակուր Սյունին՝ V դար.:

«ՍԵՎ ՑԵԼԵՐԻ ՍԵՐՄՆԱՑԱՆԸ» ՇԱՐՔ

Այս պատմվածքաշարը ձևավորվել է 1933 թ., համանուն ժողովածուի լույս ընծայմամբ ևանխախտ պահպանվել Բակունցի երկերի 1955, 1964 թթ. հրատարակություններում։ Այժմ, այդ շարքի պատմվածքներից 3-ը վերադարձված