Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/648

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

են իրենց սկզբնական պատմվածքաշարի՝ «Մթնաձորի» մեջ (տե՛ս այդ պատմվածքաշարի ծանոթագրությունները):

«Սև ցելերի սերմնացանը» ժողովածվում միայն «Ծիրանի փողը» և «Պրովինցիայի մայրամուտը» երկերն են, որ տպագրվել են առաջին անգամ, մյուսները նախքան ժողովածուն կամ լույս են տեսել պարբերական մամուլում և 1929 թ. Մոսկվայում հրատարակված գրքույկում, կամ «Մթնաձոր» ժողովածուից են վերամշակմամբ անցել այս գրքի մեջ։ Բացի «Միրհավ», «Խոնարհ աղջիկը» և «Ալպիական մանուշակ» պատմվածքներից, 1933 թ. այս ժողովածուի մեջ գրողի 1920-ական թթ. ստեղծագործական աշխատանքն են ներկայացնում նաև «Նամակ ռուսաց թագավորին» և «Սպիտակ ձին» պատմվածքները։

Բակունցի գրական գործունեության 1930-ական թվականների որակը իրականում ներկայացնում են «Ծիրանի փողը», «Բրուտի տղան», «Սև «հացը», «Պրովինցիայի մայրամուտը» և «Սև ցելերի սերմնացանը» երկերը։

Ի տարբերություն «Մթնաձոր» ժողովածուի, այստեղ յուրաքանչյուր երկի տակ գրված է գրության, իսկ երբեմն նաև վերամշակման թվականը, թեև ոչ միշտ վստահելի (տե՛ս «Միրհավ» և «Ալպիական մանուշակ» պատմվածքների ծանոթագրությունները)։

Այս ժողովածուի տպարանային բնագրերն առայժմ չեն գտնված։

ԾԻՐԱՆԻ ՓՈՂԸ

(էջ 193)

Բնագրային աղբյուր՝ ՍՑՍԺ: Ուղղումներ.

Ըստ ՍՑՍԺ-ի բնագրի՝ էջ 195, տող 22 և էջ 200, տող 14՝ սառուցներից, էջ 197, տող 16՝ սառուցների, էջ 201, տող 2՝ սառուցները — ուղղված է ըստ ՍՑՍԺ-ի այլ բնագրերում սառույց բառի ուրիշ գործածությունների. համապատասխանաբար՝ սառույցներից, սառույցների, սառույցները։

Էջ 198, տող 25. ըստ ՍՑՍԺ-ի աշխուժ—ուղղված է՝ աշխույժ։


Առաջին անգամ հրապարակվել է 1933 թ. «Սև ցելերի սերմնացանը» ժողովածուի կազմում։ 1936 թ. տեղ է գտել հեղինակի «Պատմվածքներ» (Փարիզ) ժողովածուի մեջ, 1955 թ.՝ Երկերի Երևանյան հրատարակությունում և «Ամբողջական գործը» ժողովածուի (Բեյրութ) Ա հատորում, 1959-ին՝ «Եղբայրության ընկուզենիները» ժողովածվում, 1964-ին՝ Երկերի առաջին հատորում, 1969-ին՝ «Ալպիական մանուշակ» ժողովածուի մեջ: 1933 թվականից հետո պատմվածքը մեծ մասամբ տպագրվել է որոշ կրճատումներով։

Համաձայն ՍՑՍԺ-ի մեջ պատմվածքի վերջում գրված թվականի՝ գրվել է 1931 թ.:

«Ծիրանի փողը» 1930-ական թվականներից դարձավ Ա. Բակունցի դեմ կատարվող հարձակումների գլխավոր պատրվակը (տե՛ս, օրինակ, «Գրական թերթ», 1934, № 19, 1936, № 19, 22, «Գրական սերունդ», 1936, № 4, էջ 15—19, № 5-6, էջ 35, «Խորհրդային արվեստ», 1934, № 7, 1936, № 15—16, էջ 204, № 17, էջ 224,