Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/65

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չափ կով չէր պահում։ Երբ Միրի լղար կովերը քարերի արանքում բուսած չոր խոտերն էին պոկում, Մրոցի կովերի լիքը կուրծը թաղվում էր կանաչ խոտերի մեջ, պտուկները քսվում էին ծաղիկների թերթերին, և ծաղկափոշի էր նստում վերի գյուղի կովերի կուրծին։

Այդ մասին Միրի երեխաները պիտի իմանային, երբ չափահաս դառնային և հասկանային, որ կավե կճուճի մեջ պահած յուղի պաշարը կապ ունի սարի կանաչի հետ։ Երբ այս հասկանում էին Ծիրանի տափի մասին գյուղում խոսք ու զրույց լինելուց հետո, նրանք խլշում էին ականջները, մահակի կոթն ավելի պինդ սեղմում և մյուսների հետ վազում Ծիրանի տափը, եթե հավարն 10 ընկներ, որ Մրոցի չոբանները ոչխարն ու տավարը քշել են ձորի կողմը։

Եվ թեկուզ ամառվա շոգին կանաչը խանձվում է, հողը ճաքճքում, էլի շոգից նեղացած նախիրը ժայռի շվաքում հանգստանում է, գետի սառնությունը հովացնում է նրանց մաշկը, և արևը թեքվելուց հետո, Ծիրանի տափում նախիրն էլի ուտելու մի քիչ խոտ է ճարում, այծերը՝ մացառների վրա տերև։


* * *

Ոչ ոք չէր հիշում՝ ոչ Մրոցում, ոչ էլ Միրում, թե երբ ծագեց առաջին թշնամությունը Ծիրանի տափի համար։

Եթե Մրոցին էին հարցնում, հազար ու մի պատմություն էին անում, թե 20 իրենցն է Ծիրանի տափը, «ինջինների» ձեռքով քաշած պլան ունեն, թղթեր կան։

— Էս է, ես իմ ձեռքերով եմ էնտեղ կուրգանի[2] քարերը սահմանի վրա շարել․․․

— Իմ միտս է, որ հորս ոչխարը գիշերն էլ էր Ծիրանի տափում մնում։

— Միրի սահմանը Ծիրանի տափից էլ շատ դենն ա․․․ էն մեր հայրական հողն ա…