Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/650

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Համաձայն ՍՑՍԺ-ի մեջ, պատմվածքի վերջում գրված թվականի` գրվել է 1927 թվականին:

Պատմվածքն ինքնակենսագրական է, բոլոր հերոսները ունեն նախակերպարներ, նկարագրված են իրական վայրեր, պատմվածքի հիմքում գրված է եղելություն։

Բանտարկված, ապա փախստական դարձած Եգորի մասին Գորիսի մերձակա Երիշեն գյուղում շատ պատմություններ են շրջել։ Մինչև օրս էլ հասակով մարդիկ պատմում են Եգորի մասին, նույնիսկ նրան նվիրված երգեր կան1: Ըստ էության, Եգորը դարձել է բանահյուսական հերոս։ Վիպական գույներով են պատմում, օրինակ, նրա փախուստը բանտից. իբր տարբեր ազգության երեք բանտարկյալներ կտրում են բանտախցի պատուհանի երկաթե ճաղերը, սպիտակեղենից պարան են պատրաստում ու իջնում պատուհանից, մտնում ջրատար խողովակի մեջ, և քանի որ երեքից ամենանիհարը Եգորն է լինում (մյուսները գեր են լինում), միայն նրան է հաջողվում փախչել։ Վիպական են, հաճախ հուզիչ Եգորի փախստական կյանքի, նրա թափառումների և հատկապես նրա ու հոր հանդիպման և բաժանման մասին եղած պատմությունները: Մի խոսքով, հյուսվել է ժողովրդական վեպ, իր տարբերակներով: Եթե մի տարբերակում Եգորը զինվորական ծառայության մեջ եղած ժամանակ սպանում է մի սպայի՝ նրա կնոջը տիրանալու համար, մի այլ տարբերակում, ընդհակառակը, Եգորը իր սիրուհուն է սպանում, մի երրորդ տարբերակի մեջ սպան Եգորին վիրավորում է (նրան «արմյաշկա» կոչելով), և Եգորը բռունցքի մի հարվածով սպանում է սպային: Կամ՝ մի տարբերակում Եգորին Սիբիր են աքսորում, մյուս դեպքում նա լինում է Կարսի (կամ Ալեքսանդրապոլի) բանտում, մի դեպքում հենց այդ բանտից էլ Եգորը փախչում է, մի այլ դեպքում Սիբիրի ճանապարհին է փախչում, երրորդ դեպքում նա լինում է Սիբիրի աքսորում, ուր նրան միանում է սիրուհին՝ սպանված սպայի կինը և այլն։

Եգորի հարցով մենք բավական զբաղվեցինք՝ աշխատելով հնարավորության սահմաններում պարզել նրա կյանքի ստույգ փաստերը: Որքան մեզ հաջողվեց որոշել, դրանք հետևյալներն են. Եգորը եղել է երիշենցի Հարություն (Արթին) Խուրշուդյանի՝ մոր կողմից Բակունցի պապի, որդին (Ա. Բակունցի քեռին): 1891-ին նրան կանչում են բանակ: Եգորը ծառայում է Ալեքսանդրապոլում։ Այստեղ նա սիրային կապի մեջ է մտնում մի կնոջ հետ, ապա բռնելով նրան դավաճանության ժամանակ, սպանում է: Դրա համար դատապարտվում է տաժանակրության: Փախչում է բանտից, մի կերպ հասնում Գորիս, ծպտված ապրում է Երիշենում։ Մինչ այդ նրա նշանածին՝ Մանուշակին ամուսնացրել էին ուրիշի հետ։ Դա մեծ վիշտ է պատճառում Եգորին:

Շուտով Եգորի վերադարձի մասին իմանում են Հարությունի եղբոր որդի

———————————————

1 Երգերից մեկը (ադրբեջաներեն), որը մենք լսել ենք Երիշենում, Եգորի հարսնացու Մանուշակի ամուսնությանն է վերաբերում: Եգորը պատմում է հարսնացուին կորցնելու պատճառով իրեն համակած վշտի մասին: