Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/652

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երկրորդ տարբերակում փոխել է նրանց ազգանունը՝ Խուրշուդյան–ը դարձնելով Ադամով1 (առաջին տարբերակում Խուրշդով է)։

Պատմվածքում իրականից են արված նաև մյուս նկարագրությունները։

Մինչև այժմ էլ Երիշենում պահպանված է այն կամարակապ դարպասը, նաև նրա անկյունում քարը (նիշը), որի վրա պատմվածքում նստում էր Արթին պապը։ Միայն փոխված է գյուղի մեծ ճանապարհի տեղը, որն այլևս այդ դարպասի առջևով չի անցնում, ինչպես նախկինում է եղել (հիշենք. «Իրիկնապահին՝ Արթին պապիս նստելու տեղը կամարակապ դարպասի նիշն էր, որի ներքևի մասը գետնից մետրաչափ բարձր, կոկիկ տաշած էր, քարե աթոռի պես սարքած։

Կնստեր իր տեղը, կկռթներ հոնի կարմիր մահակին, գլուխը մի կողմի վրա կթեքեր, և, եթե զրուցընկեր չունենար, ինքնիրեն կխոսեր ու քթի տակ կժպտար.... Կովերը արոտից էին տուն գալիս, վարից՝ հոգնած ու դանդաղ քայլերով եզները, պառավ ատամների տակ ծամելով ճամփի եզրից պոկած խոտը։ Ու նստած տեղից պապս մեզնից մեկին մի բան էր պատվիրում...»)։

Պատմվածքում իրողություն է Արթին պապի հյուրասեր բնավորությունը. ըստ բոլոր վկայությունների, իրական Հարությունը մոլի հյուրասեր է եղել, նա հաճախ իր շեն տանը օրերով պահել է հեռու և մոտիկ շատ ծանոթների, ազգականների, քիրվաների, անծանոթների։ «Աշխարհը կմնա, ասա մարդս սևերես չմնա»,— սիրել է կրկնել Հարությունը։ Պատմում են, որ նա նույնիսկ ներողամիտ է եղել գողերի նկատմամբ, որոնք նույնպես երբեմն «այցելել են» նրա տունը։ Մի անգամ, երբ գիշերով զինված ավազակներ են հարձակվում նրա տան վրա, ծերունին շապկանց դուրս է գալիս և հարցնում․ «Արյուն թափելո՞ւ եք եկել, թե թայանի»,— «Թալանի»,— լինում է պատասխանը: Եվ Հարությունը տնեցիներին կարգադրում է թույլ տալ գողերին վերցնել ինչ ցանկանում են։

Պատմվածքում ճիշտ է նաև այն փաստը, որ պրիստավը նստել է հարևան բնակավայրում, որ Գորիսն է։

Իրական փաստերի մի մասը հեղինակը փոփոխել է իր գեղարվեստական մտահղացման համեմատ: Այդ շեղումներից կարևոր են հետևյալները։

Ամենից առաջ պատմվածքում Եգորի փաստական արարքը և նրա անձը թողնված են մշուշի մեջ։ «Նրա աքսորման մասին հակասական պատմություններ կային, որոնցի ոչ մեկը ճշմարիտ չէր։ Գիտեինք միայն, որ քեռիս զինվոր եղած ժամանակ ընդդիմացել է և իբրև թե հրացան է քաշել հրամանատարի վրա»,— կարդում ենք պատմվածքում։ Եգորի սիրային կապերի և կատարած մարդասպանության մասին խոսք չկա։ Հասկանալի է, որ հեղինակը մեղմել է Եգորի իրական արարքը, որպեսզի նրան համակրելի դարձնի ընթերցողին։ Իսկ դա էլ արվում է դարձյալ գլխավոր կերպարն ամբողջացնելու նպատակով։ Այն մարդը, որի համար այդքան հոգում է կենտրոնական հերոսը՝ Արթին պապը, պատմվածքում չպետք է հիշվի իր վանող կողմերով։ Միաժամանակ պատմվածքում ոչինչ որոշակի չի ասված փախուստի վերաբերյալ, դարձյալ խոսվում է զանազան

—————————

1 Եգոր Ադամով է կոչվել Հարությունի փեսաներից մեկը, որի ընտանիքի հետ մոտ է եղել Բակունցը. ըստ երևույթին, Ադամով ազգանունը նա վերցրել է այդտեղից։