Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/653

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լուրերի մասին («Մերթ պատմում էին, թե սահմանն անցել և գնացել է Իրանի հողը և իբր թե նամակ է ուղարկում մեզ, բայց նամակը ճանապարհին բռնում են»)։ Շատ հավանական է նաև, որ Բակունցը երեխա ժամանակ հենց այդպիսի լուրեր է լսել քեռու մասին, քանի որ վերջինիս փախուստը, նամակագրությունը և գտնվելու վայրը, համենայն դեպս, մինչև 1905 թվականը խիստ գաղտնի է պահվել։ Բայց Բակունցն ավելի ուշ, նախքան պատմվածք գրելը իմացել է Եգորի ճիշտ պատմությունը, տեսել ու զրուցել է նրա հետ, մինչդեռ պատմվածքում հարմար է գտել նրա փախուստի մասին խոսել մշուշապատ։ Նպատակը դարձյալ Արթին պապի կերպարն ամբողջացնելն ու պատմվածքի գլխավոր մտահղացումը մինչև վերջ հասցնելն է։ Պատմվածքում Արթին պապը մեռնում է՝ բնավ չկորցրած թագավորից նամակի դրական պատասխանն ստանալու միամիտ հույսը: Մինչև հիմա էլ պատմվածքի Արթին պապը հոգով մնում է մանկան պես մաքուր, բարու նկատմամբ հուսով լի։ Պապի այդ միամիտ հավատն ու հույսն ընդգծելու հնարավորությունը չէր լինի, եթե պատմվածքում ասվեր իրողությունը Եգորի փախուստի, ամուսնության և Իրանում անցկացրած ապահով կյանքի մասին:

Բակունցին անհրաժեշտ էր նաև ողբերգական վերջ, որը պետք է է՛լ ավելի հուզիչ դարձներ պապի կերպարը և հակակրանք առաջացներ նրա հետ դատաստան տեսած պաշտոնյաների նկատմամբ: Այս տեսակետից էլ գեղագիտորեն նպատակահարմար չէր պատմվածքում ասել Եգորի կյանքի բոլոր իրական փաստերը, խոսել նրա կատարած հանցագործության և փախուստի մասին։ Պատմվածքի վերջավորության ողբերգական տպավորությունը առաջ է գալիս նաև այն բանից, որ, ինչպես ասված է այնտեղ, «Եվ այդպես էլ չիմացվեց, թե ինչ եղավ Եգոր Ադամովը»:

Պատմվածքում Արթինի մահից մի տարի անց մահանում է նրա կինը Նազուն (իրականում Նազուն մահացել է ամուսնու մահից հինգ տարի անց)1, որդու վիճակից անտեղյակ:

Հանձին Արթին պապի պատմվածքում մարմնացած է Բակունցի մի հիմնական մտահղացումը. հայ նահապետական գյուղի՝ Մթնաձորի բնորոշ մի ներկայացուցիչ, մի չապականված հոգի կանգնել է ապականության և ապականացման դեմհանդիման՝ մնալով անաղարտ: Ամեն ինչ արված է այդ կերպարը գեղարվեստականորեն ավելի կատարյալ դարձնելու համար, և իրական փաստերից այն ամենը, ինչ որևէ կերպ կարող էր խանգարել դրան, բաց է թողնված կամ փոփոխված է հեղինակի կողմից։

Միաժամանակ, Արթինի այն հատկությունները, որոնք ներկայացված են պատմվածքում, մեծ մասամբ մոտ են իրողությանը, և իրական Հարություն Խուրշուդյանը շատ բանով է նման պատմվածքի Արթին պապին: Բակունցն իր պապին լավ գիտեր, և երբ նրան իբրև կերպար պետք է ընթերցողին ներկայացներ

___________ 1 Երիշենի հին գերեզմանոցում մնում է Բակունցի պապի և տատի շիիրմաքարը՝ հետևյալ մակագրությամբ՝ «Հանգիստ Յարութիւն Խուրշուդեան վճ. 1915 թ. 83 ամաց և նորա կին Նազուն վճ. 1920 թ. 75 ամացս»։