Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/654

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շատ փոքրիկ պատմվածքում, անհրաժեշտ էր ընտրել այնպիսի դիպաշար և իրողությունների այնպիսի հատված, որ պապի հիմնական և հեղինակ Բակունցին հուզող հատկությունները միանգամից, խտացված ձևով հրամցվեին ընթերցողին: Դրա համար անհրաժեշտ էր գեղարվեստականորեն ճիշտ օգտագործել Եգորի անվան հետ կապված ասքերը, վերցնել նրանցից այն, ինչ առավելագույն չափով կարող էր օգնել գրողի նպատակի իրականացմանը։

«Նամակ ռուսաց թագավորին» պատմվածքում հեղինակը սոսկ օգտագործել է եղելությունը (և ոչ գեղեցկացրել կամ հետաքրքիր դարձրել)՝ ստեղծելու համար իր բնորոշ կերպարներից մեկը։ Մյուս կողմից իրական դեպքերի, իրական մարդկանց ու վայրերի նկարագրությունները երկը դարձրել են ճշմարտապատում, անմիջական. սիրելի իրական պապի ու տատի մասին գրելիս հեղինակը «ինքնըստինքյան» հույզ պիտի խառներ տողերին։

Արթին պապին ու Նազուին կրկին հանդիպում ենք «Ձմռան մի գիշեր» պատմվածքում, որը գրվել է «Նամակ.․.»-ի հետ միաժամանակ և նրա հետ էլ տպագրվել «Սպիտակ ձին» գրքույկի մեջ։

ԲՐՈՒՏԻ ՏՂԱՆ
(Էջ 222)

Բնագրային աղբյուրներ՝ ՆՈԻ, 1931, գիրք 2, ՍՑՍԺ:

Տպագրվում է ըստ ՍՑՍԺ-ի բնագրի: Կատարված է հետևյալ ճշտումը․

էջ 232, տողեր 25—27. Ըստ ՍՑՍԺ-ի՝ Եթե այդ կինը բլրակի վրա լիներ և տեսներ, որ շունը վերադարձել է, պառկել փակ դռան առաջ—ուղղված է՝ Եթե այդ կինը բլրակի վրա լիներ, կտեսներ, որ շունը վերադարձել է, պառկել փակ դռան առաջ։

Առաջին անգամ տպագրվել է 1931 թ․ «Նոր ուղի» հանդեսի 2-րդ գրքում, հաջորդ տարին կրճատված տեղ է գտել մեծահասակների համար կազմված մի դասագրքում («Դասագիրք հայ լեզվի և գրականության», 3-րդ տարի): 1933 թ․ հիմնովին վերամշակված տպագրվել է «Սև ցելերի սերմնացանը» ժողովածուի մեջ, ապա՝ մի շարք դասագրքերում, ինչպես՝ 1934 թ.՝ Մ. Դուրգարյանի «Ընթերցարանում», 2-րդ դասար. համար («Բրուտանոցում» և «Հին դպրոցում» վերնագրերով) և 5-րդ դասարանի «Գրականության քրեստոմատիայում»՝ («Իմ ընկեր Անդոն» վերնագրով), 1935 թ. կրկին տպագրվել է նույն քրեստոմատիայի նոր հրատարակության մեջ և այլն։ 1955 թ. տեղ է գտել երկերի երևանյան հրատարակության մեջ և «Ամբողջական գործը» բեյրության ժողովածուի Ա հատորում, 1959-ին՝ «Եղբայրության ընկուզենիները» ժողովածուի մեջ, 1964-ին՝ երկերի առաջին հատորում, 1969-ին՝ «Ալպիական մանուշակը» ժողովածուի մեջ։

1933 թվականից հետո պատմվածքի բոլոր վերատպությունները կատարվել են ըստ ՍՑՍԺ-ի բնագրի։

Պատմվածքի առաջին տարբերակը (ՆՈԻ) հրապարակվում է այս հատորի Այլ խմբագրումներ բաժնում։