Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/656

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


անվանումը տարեց կյորեսցիները արտասանում էին Դբնգղբնղան: Պատմվածքում մի քանի անգամ հիշված Ցից քարը նույնպես փոփոխված տեղանուն պիտի լինի։ Գորիսում կա Ցից քար, որի ընդունված անունն է Պորտաքար (չբեր կանանց այցելավայր է), բայց այն գտնվում է ոչ թե պատմվածքում նշված վայրում, այլ Սիսիան գնացող խճուղու մոտակայքում և շատ ավելի փոքր է, քան Բակունցի պատկերածը։

«Բրուտի տղայում» հեղինակը քնարական շնչով է վերհիշում մանկությունը, մանուկ օրերի սիրելի դեմքերը, հարազատ վայրերը։ Այդ մարդիկ մեծ մասամբ չկան, իսկ Շենը ամբողջովին ավերակ է, բրուտանոցները լքված, չի վշշում Գյունեյ թաղի թիկունքի առուն, չկան ընկուզենիները, ամբողջովին լքված է ու մռայլ Գյունեյ թաղը։ Բայց հինավուրց Շենը շարունակում է ապրել Բակունցի այս երկում, իրականից կատարված բնանկարները կենդանի են, չհնացող:

Պատմվածքում անընդհատ ուժեղանում է հուզականությունը։ Պետք էր միայն ճիշտ ավարտել ազատատենչ Անդոյի պատմությունը, տալ պատմվածքին այնպիսի վերջ, որ հուզականությունը հասներ գագաթնակետին, և հերոսականութունը ոչ թե մնար կես ճանապարհին, այլ հանգեր մի սխրական վախճանի։ Այդպիսի վերջ Բակունցը գտել է. դա Անդոյի եղերական մահն է, նրա մոր՝ Անա զիզիի և հոր՝ Ավագի վիշտը։ Թեև այս ամենը ոչ մի առնչություն չունի իրական Անտոնի հետ։

Հավանական է թվում, որ իր հերոսի սպանության հանգամանքը Բակունցը նույնպես ինչ-որ իրողության վրա է կառուցել։ Մի հոդվածում գրողը հիշում է քաղաքացիական կռիվներում զոհված իր մի ընկերոջ մասին («Լիտերատուրնայա գազետա», 1936, 15 հունիսի)։ Թերևս, այս սպանության փաստն է մասամբ օգտագործվել պատմվածքում այն ուժեղ վերջացնելու նպատակով:

Պատմվածքը կթուլանար, գեղագիտական առումով լիովին կայլակերպվեր, եթե նրա վերջում իրողությունը պատմվեր, այսինքն՝ հերոսացած Անդոն Բաքու գնար, ամուսնանար, այն էլ երկու անգամ, անվրդով կյանք վարեր մինչև ծերություն: Անդոյի ողբալի մահով նրա կերպարը ոչ միայն տպավորիչ, այլ նաև մի տեսակ ողբերգականորեն դյուցազնական է դառնում։


Էջ 228, տող 6. Պրոմեթեոս — (նաև՝ Պրոմեթես) Հին հունական դիցաբանության հերոս, տիտան, որ աստվածներից կրակը գողացավ ու մարդկանց տվեց: Դրա համար Զևսը պատմեց նրան՝ գամելով Կովկասյան լեռներին, որտեղ անգղը կրծում էր նրա լյարդը: Ազատվեց Հերկուլեսի կողմից:

Էջ 244, տող 32. Վերի գյուղի ուսուցիչն...—Նկատի ունի Գորիսի մերձակա Երիշեն (Վերին Շեն) գյուղը:

Էջ 225, տող 11. Բիբլիական Հովբի նման—Հովբը (կամ Հոբը) Աստվածաշնչի հերոսներից է, որի կյանքի նկարագրությանբ տրված է Հին կտակարանի «Գիրք Յոբայ» բաժնում: