Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/668

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՅԼ ԽՄԲԱԳՐՈՒՄՆԵՐ

Բակունցյան պատմվածքների այլ խմբագրումներից ութը բնագրային փոփոխակներ են, որ մյուսներից ավելի են տարբերվում վերջնական բնագրից, իսկ մեկը՝ «Մինա բիբի» պատմվածքի առաջին հրապարակումն է ռուսերեն, որ նկատելիորեն տարբեր է պահպանված վերջնական բնագրից։ Այդ պատմվածքների և նրանց այլ խմբագրումների վերաբերյալ ծանոթագրությունները տրված են համապատասխան տեղերում։ Այժմ նշվում են հրապարակվող յուրաքանչյուր բնագրի աղբյուրը և այն մասնակի ճշգրտումները, որոնք արել ենք այլ խմբագրումների բնագրերի մեջ՝ հենվելով կա՛մ նրանց տպարանային ձեռագրի (մեքենագրի), կամ տպագիր նախնական և կամ էլ վերջնական տարբերակների վրա, իսկ որոշ դեպքերում սոսկ նկատի առնելով, որ անճշտությունը ակնհայտ է՝ տպագրական վրիպակ կամ հեղինակային վրիպում։

Այստեղ ևս որոշ ուղղագրական ճշտումներ չեն նշված։ Օրինակ, «Մթնաձոր» ժողովածուի տպագիր բնագրերում եղած միքանի, միքանիսը, միքիչ, իվեր, իտես, ոչոք, ճուղեր և այլ ուղղագրական ձևերը այժմ հրատարակվող բնագրերում ճշտված են պատմվածքների ամենավաղ հրապարակումների կամ ըստ հեղինակի տպարանային ձեռագրերի (մեքենագրի)՝ մի քանի, մի քանիսը, մի քիչ, ի վեր, ի տես, վեր կացա, ոչ ոք, ճյուղեր և այլն։ Բայց այս և նման ուղղումները ներկա ծանոթագրություններում ներկայացված չեն։

Այս բաժնում ևս ուղղումները ներկայացված են հետևյալ կերպ, սկզբում տրված է ուղղված բառի կամ հատվածի էջը և տողը, ապա օգտագործված գլխավոր աղբյուրում այդ բառի կամ հատվածի անճիշտ ձևը, որից հետո նշված է, թե ըստ որ աղբյուրի է կատարված ճշտումը, և տրված է բառի կամ հատվածի ուղղված տարբերակ, որ տեղ է գտել հատորում հրապարակված բնագրի մեջ։


ՄԻՐՀԱՎ

(էջ 405)

Տպագրվում է ըստ Մժ-ի բնագրի:

ԽՈՆԱՐՀ ԱՂՋԻԿ

(էջ 414)

Տպագրվում է ըստ Մժ-ի բնագրի: Կատարված ուղղումներն են.

Էջ 417, տող 25. Ըստ Մժ-ի և ՏՁ-ի՝ ոմանց ծնողներին էլ ճանաչում—ուղղված է ըստ ԽՀ-ի՝ ոմանց ծնողներին էլ էի ճանաչում (վերջին՝ ՍՑՍԺ-ի տարբերակում՝ ոմանց ծնողներին ճանաչում էի)։

Էջ 424, տող 29. Ըստ Մժ-ի լուսից-ուղղված է ըստ ԽՀ-ի տարբերակի և ՏՁ-ի՝ լույսից:

էջ 426. տող 9. Ըստ Մժ-ի իրանց—ուղղված է ըստ ԽՀ-ի տարբերակի ՏՁ-ի՝ իրենց: