Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/71

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ այդ լավը հօգուտ Միրի եղավ...

Քաղաքից այդպես հայտնեցին Միրին էլ, Մրոցին էլ, նույն ձևով գրած, նույն թղթի վրա. «Ծիրանի տափն ամբողջովին տալ Միր գյուղին, որպես աղքատ և հողազուրկ գյուղի»։

Թեկուզ թուղթը շատ փոքր էր և հասարակ, բայց ամենամեծ ռումբն էլ այդպիսի աղմուկ չէր հանի Մրոցում, ինչ հանեց թուղթը։ Գալիս էին նայում թղթին, ձեռք տալիս, թեկուզ շատերն էին անգրագետ, և ձեռք տալուց, ուրիշին էին վերադարձնում թուղթը, որ կեծացած թիթեղի կտորի պես խանձում էր ձեռք տվողի 10 մատները։

Նույն երեկոյան Միրում գյուղացիք խոսում էին, կասկածներ հայտնում։ Ճիշտ է, թուղթը չէր խանձում, Բայց վստահություն էլ չէր տալիս։ Այդ փոքրիկ կտորի վրա ի՞նչ գրչով կարելի էր Ծիրանի տափի պատմությանը վերջ տալ։

− Հը՞, ըստեղ մի բան կա որ...

− Չէ, էսքան շուտ չէր լինի...

Մյուս օրը Միրից երեք հոգի քաղաք գնացին, մոտեցան մի երիտասարդի, որ հողային գործերն էր վարում, նրա սեղանին դրին Միրի համախոսականը։ Զարմանք բան էր գրած 20 համախոսականում, երիտասարդը կարդաց, քթի տակ ժպտալով նայեց գյուղացիներին։

− Մեզ Ծիրանի տափի կեսը տվեք,− ասացին նրանք։