Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/73

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վերջին անգամ այգին մտնելու, դուռ ու ցանկապատ ամրացնելու և հնձանը փակելու, որպեսզի ձմռան ցուրտ գիշերներին գայլ ու գազան չպատսպարվեն ներսը։

Չորացած ոստերի և ցողունների մի կապ ժողովել էր, դրել մոտը։ Եվ հոգնությունից հանգստանում էր, աչքը հեռու սարերին։ Նստել էր ու միտք էր անում՝ ականջը սիմինդրի տերևների խշշոցին։

Աշնան արևը ջերմացնում էր նրան. ձորի խաղաղությունը դուրեկան էր։ Ծառերին փաթաթված վազերն օրորվում էին քամուց։ Դիլան դայու միտքն էլ տարուբեր էր լինում, ինչպես քամիների բերանն ընկած չոր տերև։ Քամուց 10 հնձանի դռնակը մեղմ ճռնչում էր, և մաշված դուռը դողդոջ երգում էր մի հին երգ։

Եթե արևը չխոնարհվեր դեպի մայրամուտ, նա առանց հոգնության երկար կմնար այդ դիրքով և չէր հագենա մրգերը քաղած և արդեն դեղնող ծառերի սոսափից։ Շուտով կիջնի ձմեռ, և ո՞վ գիտի, բացվող գարնանը նորից պիտի ի՞նքը բանա այգու դուռը, թե՞ մի ուրիշ ձեռք։

Աշնան խաղաղ օրին նրան հաճելի էր և՛ սիմինդրի տերևների խշշոցը, և՛ վազերի օրորը, և՛ հնձանի դռնակի երգը։

Այդպես մի անգամ էլ, շատ տարիներ առաջ, ճռնչաց այգու դուռը։ Էլի արև օր էր։ Հնձանի ստվերում՝ ուռենու կողովների մեջ, սև խաղողը շողշողում 20 էր։

Ներսը՝ քարե տաշտի մեջ, Դիլան դային, մինչև ծնկները բաց՛ ոտներով, ճմլում էր խաղողը, և արնագույն շիրան քարե տաշտից ծորում էր կավե կարասը։

Հնձանը շոգ էր, ճմլում էր խաղողը և ինքն իրեն դնդնում կայտառ մի երգ, և քրտինքի կաթիլները գլորվում էին, ընկնում շիրայի մեջ։ Երիտասարդ էր այն ժամանակ, երակներում արյունը եռում էր իբրև թունդ գինի։

Դռան ձայնին Դիլանը գլուխը դուրս հանեց: Այգում ոչ ոք չկար: Ու հանկարծ, երբ սիմինդրի մարգերում երևաց գլխի վառ կապույտ մանդիլը, ինքը պահվեց դռան հետևը: