Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դուրս թռավ հնձանից, մի անգամ էլ շորորաց այգու շողոտ խոտերի վրա և ներսը թողեց լաջվարդ շապիկի բույրը:

Իսկ զրնգան սուրմաները կայտառ կոհակների նման ծափ էին զարկում:

* * *

Նրանք մանկության ընկերներ էին, և նրանց սերը ծնվել էր նույնքան աննկատ, ինչպես մի գիշերում բացվում է մուգ մանիշակը: Առուների ափին, այգիներում, դաշտերից խուրձ կրելիս, ամառվա լուսնյակ գիշերներին խոտի դեզի մոտ, – ամեն տեղ այդ սերը ծիծեռնակի պես ճռվողում էր, մինչև հասունացան նրանք, և մի օր էլ մեծատուն հարևանի շեմքով ներս մտավ 10 Սոնան, հարսի քողը երեսին, քողի տակ արցունքից կարմրած աչքերը` պայծառ, որպես լեռնային ծովակ:

Հարսանիքից չորս ամիս հետո պատահմամբ հանդիպել էին իրար այգիների ճանապարհին: Դիլանը նրան կանգնեցրել, հարցրել էր հալը, Սոնան թախիծով թոթվել էր ուսը և արագ հեռացել:

Հանդիպումը բորբոքել էր նրան, բայց առաջվա նման մոտիկ լինելու ցանկությունը, իբրև խոր երկնքում նազով ճախրող թռչուն, երբեք չէր իջնում նրա շեմքին:

Ու հանկարծ այդ հավքը թառեց նրա ուսին…

Ինչո՞ւ եկավ այգին, արդյոք Սոնան մանկության առվակի ջրե՞րն էր 20 կարոտել, թե՞ պատահմամբ մոտեցավ հնձանի դռնակին` մտածելով, որ ներսն էլ ամայի է, ինչպես այգում: Դիլան դային մինչև վերջը չիմացավ այդ:

Մի քանի անգամ մոտեցավ, կամեցավ նրա հետ խոսել, բայց Սոնան խույս տվեց:

– Թո՛ղ, Դիլան, գնա քեզ համար…

Եվ էլ իրար չտեսան: