Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/79

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ո՞վ պիտի լիներ։ Կայծքարով հրացանի ձայն չէր։ Իսկ գյուղում ուրիշ բերդան չկար։

― Տեսնես ո՞վ է որս անում,― մտածեց նա։

Տերևները խշշացին։ Դիլան դային տապ արավ, պահվեց քարի ետևը։ Միրհավն էր. հանգիստ քուջուջ անելով փոխում էր արնագույն տոտիկները և կտուցով քրքրում լորենու փափուկ տերևները։

Դիլան դային թաքստոցից գլուխը հանեց նշանի, հրացանի փողը երկարեց քարի վրա։ Բայց հանկարծ թռավ միրհավը, հետքից մի ուրիշը, ապա երրորդը, չորրորդը...

10 Զգույշ է միրհավը, դժվար է նրան խփել։ Երբեմն այնքան մոտ է գալիս, ահա ուզում ես կրակել, բայց մի թեթև խշշոցից, նույնիսկ որսորդի խոր շնչառությունից, բացում է թևերը, թռչում է գնդակից արագ, ծղրտում, պտույտներ անում թանձր սաղարթի վրա և անձայն իջնում մի ուրիշ տեղ։ Զգույշ է միրհավը, քուջուջ անելիս ձգում է վիզը, աջ ու ձախ կռանում և ապա նորից երկարում վիզը, չորս կողմը նայում։

Դիլան դային թաքստոցից դուրս եկավ, ճանապարհը շարունակեց։ Արդեն անտառի խորքն էր. տեղ-տեղ ծառերն անանց պատնեշ էին կազմել։ Տերևները հարյուրավոր տարիներ թափվել էին իրար վրա, արևերես չէին տեսել ու չէին փնտրել։ Ծառերի բները թաղվել էին տերևների կույտի մեջ և ճյուղերը 20 թխսամոր թևերի նման փռել ստվերում կապույտ սունկերի վրա։

Դիլան դային կոխ էր տալիս չորացած տերևները, թաղվում, ինչպես հարդի շեղջի մեջ, սայթաքում և ճղներից բռնելով ճանապարհը շարունակում։

Հասավ աղբյուրը, կռացավ կուշտ ջուր խմեց։ Քիչ հետո իջավ լորենիների ձորը։

Ներքև, քարերի վրա, այնքան շատ միրհավ կար... Արևը տաքացրել էր մամռոտ քարերը, ոսկեփետուր միրհավը, թևերին սև պուտեր, թռչում էր քարից քար, կանչում, կտցահարում հարևանին, էգի շուրջը պտույտներ անում։