Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/80

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նշան բռնեց։ Երբ քարը կայծ տվավ և կայծից բռնկվեց վառոդը, հրացանի փողից բոց ու մուխ ելավ, ձորերը որոտացին ահավոր արձագանքով, ձորից թռան միրհավերը՝ թևերը լայն, փափուկ բմբուլով, թևերը փռած աշնան արևի ոսկե շողերի տակ։

Միայն մեկը թպրտաց, մամռոտ քարից վայր ընկավ թփուտների մեջ։

Դիլան դային վրա վազեց և վազելիս նկատեց, որ մի սպիտակ շուն, լեզուն հանած, ցատկեց թփուտների կողմը։ Որսկան շան շունչն ու Դիլան դայու ձեռքերը միասին ձգվեցին դեպի արնոտ միրհավը։

Նրա մատները դիպան դեղին բմբուլներին, բայց վիրավոր միրհավը հանկարծ 10 թևին տվեց, թռավ վեր։ Երկու փետուր օրորալով վայր ընկան, աշնան դեղին տերևների նման։

Դիլան դային ափսոսանքով նայում էր արնոտ միրհավի ետևից, երբ հանկարծ, շատ մոտիկ լսվեց ոտնաձայն։ Ետ նայեց, աչքերը զարմանքից լայնացան և հրացանը բնազդմամբ ձեռքից վայր սահեց ծառի ետևը։

Անտառապահն էր, աչքերը՝ կաս-կարմիր ածուխ...

Մոտեցավ, բղավեց, և մինչև ուշքի կգար, նրա մտրակը օդը ճեզքելով չափեց Դիլան դայու ուսը, մինչև թիակների ոսկրը, մրմուռը ծակեց, ինչպես եղինջի հարվածը բաց մսերի վրա։

Անտառապահը հարվածում էր նրան և զայրանում, որ Դիլան դային փախցրել էր 20 նրա զարկած միրհավը։

Անտառապահի որսկան շունը մեկ նայում էր տիրոջը, մեկ՝ Դիլան դայուն, մռռում էր, պոչը գետնով տալիս, մեկ բերանը բաց՝ հուզմունքից հորանջում, մեկ էլ անհանգիստ հոտոտում թփերը, որտեղ քիչ առաջ թպրտում էր արնոտ միրհավը։

Անակնկալ հանդիպումը նրան շշմեցրեց... Նրանք արդեն հեռացել էին, երբ Դիլան դային ուշքի եկավ, նայեց նրանց հետևից, մտաբերեց շան կարմիր երախը...