Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/89

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բայց այդպես չեղավ, մրգերը չհասան։

Թուղթ եկավ, մեջը գրած, որ Հանավանքը հնուտ է, արգելվում է վարուցանքս անել, ծառ տնկել, քարերը տանել տնատեղի համար։

Գարունքին, երբ հերվա պես ձյունը հալվեց Արայի լեռան փեշերից, եկան հողերը բաժին անելու։ Քարակույտեր դրին հնուտ հողերի և գյուղի սահմանի վրա։ Բոստանի ծառերը հանեցին։

Եվ այն, ինչ միտք էր արել հերու գարունքին, քարափի գլխից Թասախին նայելիս, կալն ու մարագը և տունը պարիսպների ետև, այդ ամենը շինականին հալվող ձյունի պես թվաց։

Կախված դուռը կրնկահան արեց, հանեց։

Այծերն էլի բարձրացան կիսախարխուլ պատերի գլխին բուսած մացառները կրծելու։ Քարից քար էին ցատկոտում։ Եվ երբ շաղախի մի կտոր վայր էր ընկնում, արձագանքը զրնգում էր կամարների տակ, աղավնիները թռչում էին, օդում պտույտներ անում և իջնում նորից։ Շինականը երբ կրնկահան արեց դուռը, նայեց Հանավանքին: Ավելորդ թվաց նրան վանքը քարափի գլխին և համեղ բոստանի բիբարը...