Դրմբոնը նահապետական, վագոնի երեսը չտեսած, Դրմբոնը` առանց երկաթ գութանի, կոմսոմոլն էլ հին ադաթով, պապական նամուսով: Մի հարց, որպես սյուն, ցցվում է ջահելների առաջ․
— Մեր գյուղի պատիվը գաղթական տերտերն էսպես ոտնատակ տա՞... Այ նրա կարգին, ճակատի մեռոնին...
Դրնգում է կոմսոմոլը, արձագանք են տալիս լուսավորչական ծերերը: Յախշին` Դրմբոնի նախագահը, գործի է անցնում, հետևում են, պայման անում տեր Մարուքին բռնելու:
Զգույշ է տեր Մարուքը, զուսպ է, բայց սենյակի մթության մեջ ցանկությունները հաճելի «ելանեն, լեռնանան և իջանան, դաշտանան» ...
Չի լինում, չի դիմանում: Մի գիշեր էլ, «տաքության մեջ» հարևանի երեխին ուղարկում է Գյուլբահարին կանչելու, տերտերի մրսած մեջքին գավաթներ փակցնելու: Երեխան Գյուլբահարին է կանչում, հետո ծլկվում Յախշու մոտ:
Վառվում է տերտերի տան կավե ճրագը, Գյուլբահարն իր ձեռքով է կախում կարպետը պատուհանից և երբ հանգցնում է կավե ճրագը, Յախշին կապում է դռան ռիզան:
Ասես արջ է թաթը կոխել ծառի փչակում բուն դրած մեղվանոցում: Այդպես աղմկում է Դրմբոնը գիշերով, կանայք կտուրներից չանչ են անում Գյուլբահարին, մոթալ փափախների տակ հարյուր աչք է պեծին տալիս, մթնում մահակները շարժում:
Տեր Մարուքը` մթին սենյակում, թակարդ ընկած արջի պես մռռում է, խաչակնքում երեսին, իսկ դուրսը` գարնան վարար հեղեղի պես վշշում է Դրմբոնը, աղմուկից զրնգում են ձորերը...
— Այ ժողովուրդ կարգին խնայեք ... — Մուխսին է կանչում, գեղի ալևորներից` հարգով, պատվով:
Յախշին ետ է տալիս ամբոխին աղմկող, մինչև լուսաբաց