Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/95

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մի ուրիշը, որ խոսելիս ձեռքերը կրծքին է խաչում և խոնարհ գլուխ տալիս, մի իսկական դրմբոնցի, դատավորի հարցին, թե` առաջ էլ է՞ տեսել Գյուլբահարին տերտերի մոտ, —պատասխանում է.

— Մի անգամ եմ տեսել:

— Ի՞նչ էր անում...

— Չեմ կարա ասի, լեզուս պատ չի տա ասեմ:

— Ուրիշին հո չե՞ս ասել դրա մասին:

— Դե, հոգի ունեմ տալու: Երեք մարդու թաքուն ասել եմ, թե նրանք սաղ գեղով մին իմաց են տվել, մեղքը նրանց վզին լինի:

Դրմբոնցի չոբանին են հարցնում` անգետ, անբան, փափախը գլխին, երկու ոտքով քարի կտոր:

— Անունդ ի՞նչ է, — հարցնում է դատավորը:

— Ի՞մ, — պատասխանում է ծոր տալով և քիչ անց ասում:

— Քանի՞ երեխա ունես:


— Ի՞նչ գիտես:— Ե՞ս, — ասում է, մտքերը ժողովում, ասես նոր է իր երեխաների համրանքն անում:


— Ե՞ս — և պատմում է, որ այդ գործից հետո տեր Մարուքը ժողովրդին խնդրել է, թե`

— Ա հասարակություն, անց կացեք, ծեր քահանա եմ, սպիտակած միրուքիս խնայեցեք:

Դատավորը Յախշուց է հարցնում, թե ինչո՞ւ է ռիզան գցել, Մուխսին տեղից ձեն է տալիս.

— Բա թողեինք շնություն աներ, էգուց էլ սաղ գեղը վարակե՞ր...

Յախշին պատասխան է տալիս, որ ռիզան գցելու մասին ժողովուրդը որոշում ունի: Մի կոմսոմոլ ավելացնում է, թե Դրմբոնում կառավարության օրենքներին ծանոթ չեն:

— Էդ գործը մեր գյուղում շատ վատ բան ա, իսկ թե կառավարության օրենքին ընդունելի չէ, էդպես չենք անի...