Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/99

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դեռ անցյալ տարի նա իր մտքում դրել էր մի եզ մորթել որդու գալու առթիվ։ Եվ երբ այդ մասին խոսք բացեց պառավի հետ ու ավելացրեց, թե չի՞ լինի, որ եզան տեղ մի չաղ ոչխար մորթի, Մինա բիբին բողոքեց։ Խոստացած մատաղը պիտի անել, հազարից մի անգամ է այդ հարկի տակ այդպիսի ուրախություն։

Հետո Ավան ամին գոմ գնաց: Նա մոռացել էր տավարին կանուխ ապուռ տալ: Այդ առավոտ նա իր բազուկների մեջ մի առանձին ուժ զգաց, ավելի արագ գոմն ավլեց, խոտ ու դարմանը ավելի շատ տվավ։

Նրան թվաց, թե տավարն էլ է զգում, որ տանը ազիզ մարդիկ կան։ Կովերը տաք գոմում ախորժով խոտ էին ուտում, իսկ Ավան ամին կոշտացած ձեռքերով, որոնց ուռած երակներն ասես պարաններ լինեին,— շոյում էր կովերի մեջքը, փաղաքշական խոսքեր ասում։

— Ապե՜ր, հո շատ չես չարչարվել... Որդին էր՝ Տիգրանը, որ զարթնել էր ու հոր ետևից գոմ եկել։

— Մի գա՛, գնա՛, գնա՛ տուն, սապոգներդ թրքոտ կանես, բալաս: Մեր փեշակն ա, բա, պտի չարչարվենք, առանց էդ չի։

Գոմ գալուց առաջ Տիգրանը իրենց բակից նայեց գյուղին, խոտի սևացած դեզերին, աթարի բուրգերին, շնչեց գյուղի օդը՝ բակերում, փողոցներում կիտած աղբի, վառած աթարի ու կծծած խոտի, գոմերից դուրս եկած ու մեզի անդուրեկան, ծանր հոտով լցված գյուղի օդը։ Եվ այնպե՜ս խեղճ թվաց հայրենի գյուղը, այնքա՜ն հետամնաց։

Առաջին տպավորությունը գրավիչ չէր։ Քաղաքում երկար տարիներ ապրելուց հետո նրա հիշողության մեջ վառ էր մնացել միայն գյուղի գրավիչ կողմը՝ սարերը ծաղկաշատ, աղբյուրները պաղջուր, արոտները կանաչ, ուր խոտը տեղ-տեղ մինչև գոտկատեղն է հասնում։