Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/101

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ երեխաներն ամենևին չէին էլ ուզում, որ հայրը միջամտեր, երբ նրանք անակնկալ հարվածներ էին ստանում։

Նրանք փորձով գիտեին, որ այդ միջամտությունն ավելի ծանր հարվածների պատճառ էր դառնում, և մոր այն խոսքերին, որ վերաբերում էին ուտելուն և խմելուն։ Եվ մայրը երեխաներին ծեծելիս ամուսնու երեսին էր կանչում։

— Ես եմ նրանց պահում, հաց եմ տալիս, շաքար եմ առնում, քո ի՞նչ բանն ա, քո ի՞նչ բանն ա…

«Քո ի՞նչ բանն ա»-ն և հարվածը կապված էին մի ռիթմով, որի ինչ լինելը շատ ցավ էր մանուկների փափուկ մսերի համար։

Գևոյի վերջին միջոցը, վերջին զենքը խեղճ-խեղճ ասելն էր․

— Տազ արա, ախչի, խայտառակ մի՛ անի…

Բայց որովհետև այդ էլ չէր օգնում, կտրուկ միջոցը ձիերի մոտ գնալն էր, խոտի խուրձերի վրա քնելը։

Եվ թեպետ կռվի թունդ ժամին նա խոսք էր տալիս վաղը կես մանեթ տալ շաքարի, սակայն առավոտյան աշխատում էր շատ կանուխ դուրս գալ խանի դարպասից, քանի կինը չէր զարթնել և չէր հիշեցրել խոստումը, որ արաղի թասի հետ պիտի գոլորշիանար, որպես ծեգի շող։

Հերիք էր, որ ուղևորներ ճարեր, դրոգը ճանապարհ ընկներ դեպի քաղաք, որպեսզի Գևոն մոռանար կնոջ հետ ունեցած կռիվն էլ, աղբի մեջ խաղացող երեխաներին էլ։ Նա բարկանալու ոչ մի առիթ էլ չէր ունենա, եթե ամեն օր ճամփորդներ ունենար, գնար-գար։

Ուրախ կլիներ, թեկուզ կառքերն էլ արագ սուրային, փոշի բարձրացնեին, փոշին մի մատ հաստությամբ նստեր դրոգի վրա, ձիերի մեջքին, Գևոյի ունքերին, դեմքը հողի գույն ստանար։

Արևի տակ քրտնում էր Գևոն, փոշին հալվում էր քրտինքի մեջ, ինչպես ձյունը ջրում, և շորերի վրա կեղտի բծեր էին երևում։ Մենակ քրտնքի կաթիլները չէին, որ փոխվում էին կեղտոտ բծերի. կերակուր ուտելիս թափվում էր, գինի էր կաթում. գոմում քնելիս աղբաջուրն էր ծծում, ամիսներ շարունակ գլուխ չէր լվանում, շոր չէր փոխում։ Դժվար էր