Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/103

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այդ խոսքերից և ոչ մեկը նրան դուր չէր գալիս։ Պռոշները կրծոտում էր, ձիերին մտրակում։

— Պետք ա մի օր շուռ գա կամրջում, որ ես իմանամ…

— Շուռ չի գա, Գևո՛, քշի, թոզը մեզ խեղդեց։

Ավտոմոբիլն ավելի շատ փոշի էր բարձրացնում, քան կառքը, և Գևոյի զայրույթը փոշու բարձրության էր հավասար։ Նա չնկատեց էլ, թե ինչպես իր զայրույթը հողմնացույցի պես փոխեց իր ուղղությունը կառքից մինչև ավտոմոբիլը։ Ճիշտ է, առաջվա պես կառապանները նրան տեսնելիս էլի ծաղրում էին, հազար ու մի խոսք ասում, բայց ավելի սուր էին թվում այն բառերը, որ անց ու դարձ անող շոֆերը կիսաժպիտով շպրտում էր ճամփի եզրին չորացած կրիայի պես կանգնած դրոգի կողմը։ Եթե շոֆերը մի բառ էլ չասեր, հերիք էր, որ մի անգամ նայեր, ծիծաղեր, որ Գևոն պռոշները կծոտեր, հայհոյանք տար։

Ի՜նչ անսահման էր նրա ուրախությունը, երբ ճանապարհի կեսին տեսնում էր շոֆերին փոշու մեջ, ձեռքերը, շորերը յուղոտ, նավթոտ, մեքենայի փչացած մի մասը նորոգելիս։ Հրճվանքի կարճատև այդ րոպեներից նա լի ու լի էր օգտվում, քամում բաժակը, պռոշներով վերջին կաթիլը ծծում։ Եվ այն ուղևորին, որ հանդգնել էր ավտոմոբիլը դրոգից բարձր դասելու,— Գևոն հանգիստ չէր տալիս այդ ժամանակ։

— Տեսա՞ր, տեսա՞ր, նավթի մեջ կոլոլվել էր, տեսա՞ր հո… բա ես էդպես բան կանեմ։ Դե դու ես նստած, սպասի, թե երբ պիտի շինեն։ Մի փորձանք էլ պատահի պասաժիրին, ո՞վ գիտի…

Ուղևորին նա հանգիստ չէր տալիս նույնիսկ այն ժամանակ, երբ կես ճամփին տեսած ավտոմոբիլը գալիս էր անցնում։

— Հրես, էլի կկոտրի, ա՜յ տես… Մարդ էլ էդ մաշինը նստի՜, գիժ հո չի։ Հենց էն ա թոզ ա անում։

Գևոյի զայրույթն ավելի սաստկացավ, երբ առաջին անգամ երևաց ավտոբուսը, աժան գնով 15-20 մարդ միանգամից առավ, տարավ։ Մի օր էլ, մինչև ինքը կկանչեր՝

— Մի հոգի, վռազ էթացող․–

Մինչև նեղլիկ փողոցներով կգնար մի երկու անգամ, վռազ