Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/104

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գնացող մի ուղևոր էլ ճարելու, հրապարակում Գևոյին սպասող առաջին ուղևորը ավտոբուս էր նստել գնացել։

— Գևո բիձա, քո էն պասաժիրդ մաշինը նստեց, գնաց, ասեց էլ չեմ սպասի։

Հրապարակում մի երեխա լուր տվեց նրան։ Եթե այդ ժամանակ կինը փորձեր մի գրվանքա շաքարի համար աղմկելու, Գևոյի երեսին հազար ու մի խոսք ասելու, դժվար թե Գևոն լռեր և խեղճանար, այնքան շատ էր նրա զայրույթը։

Մտրակը սեղմեց ձեռքում, նայեց ձիերին, որոնք պառավ էշերի պես ականջները կախել և իրար մռութ էին շոյում, և սկսեց մտրակել նրանց։

Ոչ մի անգամ նա ձիերին այնքան չէր ծեծել, բերանում թուքը փրփուր չէր կապել, աչքերն այդքան չէին մեծացել։ Ձիերը դես ու դեն էին ձգում, ետևի ոտները ծռում, գավակն իջեցնում, որ հարվածներից խուսափեին, գլուխները մեկ աջ, մեկ ձախ դարձնում, հանցավոր շան պես պոչը ոտքերի արանքում պահում։ Ձիերի վերքերն ուտող ճաճերն էլ տեղահան եղան, թռան մեկից մյուսը, իջան վերքերի վրա, բայց հենց որ հանեցին կնճիթները թարախի մեջ կոխելու, մտրակը շռռա՜խ իջավ վերքերի վրա, ուռուցքների վրա, քոսից լերդացած, քերծված մաշկի վրա։ Թարախ ծծող ճանճերը թռան հեռու։

Մսավաճառի խանութի շվաքում նստած մի քանի հոգի դիտում էին, թե ինչպես է Գևոն ձիերին ծեծում, ինչպես են ձիերը ծառս լինում։ Մեկը հռհռալով կանչեց.

— Հո՜, Գևոն ձիերին ցիրկի խաղ ա սովորացնում։

Այդ որ լսեց Գևոն, ավելի զայրացավ, կռացավ, որ մտրակի կշկռած ծայրը ձիերի ականջներին հասնի, սկսեց հարվածել ձիերի գլխին, ականջներին։ Ամեն մի հարված նրա սրտին մի պատառ հանգստություն էր բերում։

Սակայն նրա սիրտը լիովին չհանգստացավ, որովհետև մտրակի ճիլը կտրվեց, կոթն էլ ձեռին փշուր–փշուր եղավ։ Երբ ձիերի գլուխը դեպի խանի բաց դարպասները շրջեց, ձիերը բնազդաբար արագացրին իրենց քայլերը, օրորալով, հարվածների ցավից երբեմն ցնցվելով։ Որովհետև Գևոյի աչքը միկիտանի նեղլիկ փողոցն էր, նա չտեսավ ձիերի վերքերից հոսող արյունը, որի շուրջը ճանճերն էլի բոլորվել էին։