Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/105

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եթե միկիտանի գինին այնքան տաք լիներ, ինչքան բացված վերքերի արյունը ճանճերի համար, դրոգապան Գևոն մի քիչ կհանգստանար։ Բայց այդպես չեղավ։ Խմում էր առվի ջրի պես պղտոր գինին, գավաթներն իրար հետևից պարպում, բայց միտքն ավելի էր սրվում, հիշողությունը պայծառանում, գետինը, պատերը, շշերը չէին օրորվում, ինչպես առաջ, երբ ուղևորներից ստացած արծաթը գրպանում, ճամփից բեզարած մտնում էր միկիտանը և գինի կաթեցնում փոշոտ շորերին։

Շատ քիչ էր պատահել նրան օրվա այդ ժամին նստել միկիտանում։ Այդ էր պատճառը, թե գինին էր անչափ պայծառացրել դատողությունը,— որովհետև այդ օրը նա զգաց, թե ինքն իրոք որ բոստանի դագա է ունեցել, իր հին ուղևորներից շատերն են այժմ օմնիբուսով գնում։

— Էն մունդռիկը, էն հարամզադան…

Երբ հիշեց Գևոն, թե քանի անգամ է նրան տեղ տվել դրոգում, աժան գնով տարել, ճամփորդների հանդիմանության դիմացել, երբ հիշեց այդ, գինու մի գավաթ էլ ծծեց և գավաթը սեղանին դնելիս ասաց.

— Վա՜յ աշխարհք… էն մունդռիկն էլ։

Միկիտանի մի անկյունում մի խումբ քեֆ էր անում։ Երգում էին, ավելի ճիշտ գազանային զանազան ձայներ հանում, որովհետև խմած ալկոհոլը չափազանց շատ էր նրանց ձայնալարերը փչացրել։ Երբ մեկը ձեռքն ականջի մոտ պահելով ծոր տվավ ու զլեց.—

Ավտամաբիլը ցոլաց ու գնաց,
Սիրտս իմ յարի կարոտով մնաց…

Քեֆ անող խումբն ու միկիտանչին միասին վեր թռան, երբ Գևոն երգողի վրա բղավեց.

–Մի՛ ասի է, էդ մի ասի…— Եվ ձեռքի գավաթը գետնով տվավ։ Շարունակությունը մի քանի բռունցքների միաժամանակ հարվածներ էին, որ նրան դուրս արին միկիտանից։

Միկիտտնից դուրս գալուց նա չիմացավ գիշեր է, թե ցերեկ։ Պատերի տակով, ձեռքը պատին դեմ տալով, ինքն