Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/106

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իրեն խոսելով հասավ հրապարակին, աչք ածեց, խանի դարպասները չտեսավ։ Եկած փողոցով անցնելիս նրան այնպես թվաց, թե այդ փողոցն էլ է անծանոթ։ Հետո մի ուրիշ փողոց անցավ, շները հաչացին, կռացավ, որ քար շպրտի շներին, օրորվեց, ընկավ գետին։

Առավոտյան աչքը բաց արեց և աչքի տակ, մարմնի զանազան տեղերում ցավ զգաց։ Աչքերը չորս կողմը ածեց, իր տունը ճանաչեց։ Հանկարծ աչքն ընկավ դռան մոտ կանգնած իր կնոջ վրա, աչքի տակի ցաված տեղը մրմռաց։

Կինը, երբ աչքն ընկավ աչքին, դռան մոտից հանկարծ վրա պրծավ, ասես ժամերով դարան էր մտել, սպասում էր, որ Գևոն աչքերը բաց անի։ Երբ կնոջ ոտքերի հարվածները դիպան մեջքին, փորին, այնպես թվաց, թե մի սանձարձակ ձի հազար սմբակներով կոխկրտում է իրեն, երկաթ նալերով աքացիներ տալիս։

4

Հաջորդ շաբաթը մոռացնել տվեց ամեն ինչ։ Ձիերը և Գևոն հաշտվել էին, որովհետև, երբ Գևոն նստած տեղից մտրակում էր ձիերին, կենդանիներն ուժ էին առնում, մի քիչ քայլերն արագացնում և հետո էլի դանդաղեցնում։ Դրոգը երկու անգամ քաղաք էր գնացել։

Եվ նորից հավատալի թվաց ծանոթ միտքը, որ նրա ծածուկ ցանկությունն էր, թե գուցե հաջողվի մինչև վերջն էլ ապրել այդպես, դրոգապան լինել։

Բայց մի առավոտ էլ Գևոն գոմի դուռը բաց անելիս մի ձին պառկած տեսավ։ Քթից կանաչավուն լորձունք էր հոսել, սառել քթածակերի առաջ։ Ատամները սեղմել էր և սեղմած ատամների արանքում բռնել մի դեղին ծղոտ։

Երբ Գևոն գոմի դուռը բացեց և ձին պառկած տեսավ, կայծակի պես մի միտք անցավ նրա գլխով, թե ձին սատկել է։ Մի քայլ հետ կացավ, նորից կռացավ, ոտքով հրեց ձիուն, կանչեց։ Երբ ոտքը դիպավ ձիուն, Գևոն իսկույն հետ քաշվեց։ Մյուս ձին կամացուկ վրնջաց, գլուխը դարձրեց Գևոյի կողմը։ Գևոն մեկ էլ նայեց պառկած ձիու աչքերին, բաց ատամներին և հասկացավ, որ ձին սատկել է։