Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/107

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Առավոտ կանուխ, երբ խանի դռները բացվեցին, Գևոն դրոգը չքշեց դեպի հրապարակ և չկանչեց առաջվա պես.

— Մի հոգի, վռազ էթացող…— Դրոգի վրա ձիու լեշն էր դրած, գլուխը մի կողմի վրա կախ։ Միակ ձին չկարողացավ քաշել դրոգը։ Գևոն պարապ սանձերից բռնեց և վերջին ձիու հետ լեշը խանի բակից հանեց։

Եթե մսավաճառի խանութը բաց լիներ և խանութի առաջ նստոտած մարդիկ լինեին, նրանք դժվար թե հռհռային, երբ տեսնեին, թե ինչպես դրոգի ամեն մի ցնցումից սատկած ձիու ոտքերը վեր ու վար էին լինում։ Եվ եթե կինը քնած չլիներ, լսեր ամուսնու տնքոցը, երբ նա ձիու հետ քաշում էր դրոգը, գուցե թե երեսին չկանչեր։

Հրապարակի անկյունում այս ու այն պատի տակ գիշերով թազնող ավարա շները գլուխները կախ հետևում էին Գևոյի դրոգին, իհարկե նրանք սուտ հուղարկավորներ էին, թեկուզ գլխիկոր էին քայլում և դանդաղ։ Նրանցից յուրաքանչյուրի բերանում լորձունքը կիտվել էր. սատկած ձին պետք է որ համեղ պատառ լիներ։

Քաղաքից դուրս աղբակույտեր կային, փոսեր, ժանգոտած երկաթներ, աղտոտություն։ Երբ Գևոն լեշը գլորեց մի փոսի մեջ, ձին խլշեց, ականջները ցցեց. ծեծելու օրից հետո ձին ականջները չէր խլշել։ Շները մռմռալով վրա տվին լեշին։ Գևոն տեսավ, թե ինչքան կապույտ էր միսը։

Վերադարձին դրոգը մի ոտանի մարդու էր նման, ավելի շատ էր օրորվում և թեքվում այն կողմը, ուր վերջին ձին էր լծած։ Խանի դարպասով ներս մտնելիս Գևոյի ականջին ընկավ ավտոբուսի ծկլթոցը։ Եվ թեպետ կինն ավելի բարձր ծկլթաց, նույնիսկ զայրույթից կուժը գետնով տվավ (կինը կուժը մարդու գլխովն էր ուզում տալ, բայց Գևոն գլուխը թեքեց և կուժը ականջի տակով անցավ, գետին կպավ, փշուր-փշուր եղավ), բայց Գևոն ձայն էլ չհանեց։

Պատի տակ կանգնել էր Գևոն։ Ինչ-որ մարդիկ էին գալիս գնում, հրապարակում աղմուկ կար, կինը դեռ չէր հանգստացել, խոսում էր, շուտ-շուտ ներս ու դուրս անում, դուռն աղմուկով դնում։