Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/108

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Գևոյի աչքը կոտրած կժի սուր–սուր կտորների վրա էր, երբ ականջովը ընկավ ավտոբուսի ձայնը։

— Էն մունդռիկն էլի գնաց,— անցավ նրա մտքով։

Մեկ էլ նայեց կուժի կտորներին, մոտեցավ դրոգին, բացեց այն արկղը, որի մեջ հին մեխեր կային, ժանգոտած երկաթներ, լարեր։ Դռան մոտ կանգնած փոքրիկը, որ չոր հացի կտոր էր կրծում, զարմացած նայեց հորը և չհասկացավ, թե ինչո՞ւ նա կժի կտորները հավաքեց, լցրեց դրոգի արկղը և դուրս եկավ փողոց։

Ծանոթ միկիտանում այդ օրը նա ավելի շատ խմեց։ Երբ միկիտանչին հիշեցրեց պարտքի մասին, Գևոյի գինուց կարմրած, արնով լցված աչքերն ավելի լայնացան։

— Հեր օրհնած, ձիս քեզ փեշքաշ, դրոգն էլ քեղ... Հո ես մեռած չեմ։

Միկիտանչին փոշմանեց իր ասածից, որովհետև Գևոն այնպես բարձր կանչեց՝

— Հո ես մեռած չեմ,— և այնպես պինդ խփեց կրծքին, որ նրան թվաց, թե կրծոսկրից մեկը անպատճառ ջարդվեց։

Անկապ խոսքեր Գևոն շատ ասեց, բայց միկիտանչին չլսեց բոլորը, նրա միտքը տված շշերի համարքը հազիվ էր պահում։

Մութին, երբ Գևոն դուրս եկավ միկիտանից, փողոցները չխառնեց։ Նա լավ գիտեր, որ հրապարակի միակ ճրագի դիմաց խանի դարպասն է, բակում իր դրոգը, գոմում վերջին ձին։

Եվ ոտքերը չդողացին, պատեպատ չընկավ, երբ հասավ դարպասին։ Ներս մտավ, մոտեցավ գոմի դռան, ուզեց դուռը բաց անի։ Ձին ոտնաձայնից վրնջաց գոմում, Գևոն դուռը բաց չարեց։

Երբ դարպասից դուրս եկավ, նրան շատ թեթև թվաց շալակի արկղը, մեջը լի կոտրած երկաթի, կուժի կտորներ։ Ծուռ ու մուռ փողոցներով անցավ, որովհետև գլխավոր փողոցում դեռ երթևեկ կար, աղմուկ կար։

Արկղի ծանրությունն արդեն զգալի էր նրա համար, երբ Գևոն հասավ առաջին կամուրջին։ Դրոգը կամուրջով անցնելիս ավելի շատ էր աղմկում, կարծես կամուրջը մի մեծ թըմ-