Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/11

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հանգիստ են խնդրում, մի կտոր տեղ,-Երկրի գրկում` պառկելու։

Տե՛ր, հազարավոր մատաղ կյանքեր մահացան, երազներ տրորվեցին, խինդն անցավ, և արցունքից մեր աչքերը կուրացան։ Ի՞նչ եղան հին երգերը, ո՞վ էր այն անգութը, որ խլեց բոլորը, հրդեհեց տաճարները և հոգիները ամայի, ավերակ դարձրեց։

Քո երկնքի տակ, օրերից մեկում Հերդային տեսա, քրոջ պես ջերմ սիրեցի, և կարոտը հոգուս մեջ - հեռացա նրանից։ Նախճիր էր, Տեր, հեռացա նրանից… Բայց ես արյուն չհեղուցի, ես ավեր չարի, ես երազներ չավրեցի։

Տե՛ր, չէ՞ դու բարի ես և գթոտ, ինչպես հայր․․․

Աղերսանքս ընդունի՛ր։

Հին լավ օրերը տուր, լավ օրերը բեր, ինձ Հերդային տուր։ Խնայիր Հերդային, նրա հոգուն խնայիր։ Այնքան շատ են Հերդաները։ Քանիսներն են աղոթում, կարոտը հոգում, լավ օրեր տեսնելու հույսը սրտում։ Շատերն են երազում հին պալատները, որ կառուցել են խինդով, եռանդով, վայելքի ու աղոթքի համար։

Հոգնել ենք, Տե՛ր, էլ ուժ չունենք, էլ դիմանալ չենք կարող։ Ծանր է բեռը, մեր ուսերը կքվեցան, մեր ծունկերը կորացան։ Մարեցին, մարեցին բյուրավոր հույսեր, և խավարի մեջ հանգան մատաղ կյանքեր, երագներով, հույզերով հարուստ, մոմի պես հալվեցին, ոչնչացան սերունդներ։

Տե՛ր հզոր ես, ավերը դադարեցրու՛․․․ թող վայելեմ Հերդայի սերը, ես դեռ գուրգուրանք եմ ուզում, ես ապրիլ ու վայելել եմ ուզում, ես ստեղծել եմ ուզում, իմ հոգին կերտել ցանկանում։

Արյունը վայելք չէ, ավերը կերտվածք չէ՛, Տեր։

Տե՛ր, բոլորին իրենց Հերդաները տուր, հին պարտեզներում թող սիրո բառերը հնչվեն, թող երգեն առաջվա պես և ստեղծագործեն, նոր շենքեր կերտեն։

Թող կառուցեն, Տեր, թող հորինեն։

Արյունը հերիք եղավ, մոխիրը շա՜տ-շատ է…