Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/113

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թելերից շապիկ էին գործում, գաոան բրդից շաչի շալվար, գառան մորթ ես դնում գլխիդ և եզան կաշուց տրեխներ հագնում։ Դու մինչև վերջ էլ այդպես մնացիր։ Քաղաքին ի՞նչ, թե դյուզում Ավան ամի կա, որի միտքը սառել է, հետ մնացել 30 տարի։

Ի՞նչ ես ապրել։ Կոխ ես կացել խոտի խուրձերի հետ, սարում անձրևի, ձյունի տակ ես մնացել, կրծել ես սոխով հաց և անտառում չոր ցախից շալակ կապել, մթնելու հետ քնել ես, զարթնել աքլորականչին, բանել մինչև մութն ընկնի։ Մի անգամ ես քաղաք տեսել, քո ջահել օրերին, երբ կոռ են տարել քեզ էլ, ձիուդ էլ։ Ավան ամի, քո տեսած քաղաքը հիմա մի հետ ընկած անկյուն է, ուր մի զույգ կառք է բանում։

Այդպես էլ կմահանաս, և ոչ մի վայրկյան միտքդ տեղահան չի լինի. ոչինչ քեզ չի սասանի։ Դու դիտես, թե գյուղը ամուր պատվանդան է, աշխարհը պտտվում է նույնքան դանդաղ, ինչքան կալիդ կամները։

Հարցրիր ինձ եկեղեցու մասին և խեթ նայեցիր, երբ տեսար, թե ժպտում եմ հարցիդ վրա։ Մթնում էր, դու տան դռնակը բաց արիր, երբ հարցրիր ինձ եկեղեցու մասին։ Ժպտացի որովհետև հիշեցի քո հնօրյա սովորույթը՝ իրիկնադեմին տան դուռը բաց անել, որ զանգակների ծլնգոցը կտուրի տակ մտնի։ Հիմա զանգակներն ամեն իրիկուն էլ չեն զարկում։

Մեր պառավ կովն եկավ, եղջյուրի մեկը կոտրած։ Կովի ետևից եկավ և հարևանի կինը, կովկիթը ձեռքին։ Բակում կովը բառաչեց, հորթը գոմից ձայն տվավ, հորթի հետ էլ դու ինչ-որ սրտանց խոսք ասիր կովին, ասես բակում Սամսոնն էր կանգնած։

Կինը չոքեց կրծի տակ, մոտեցար և շոյեցիր կովին, մինչև կինը կիթը պրծներ։ Այն օրից, երբ նանին մեռավ, կովն առանց քո շոյանքի չի թողնում կթել։ Կաթը համաչափ ցայտյուններով պարկում էր կովկիթին, զրնգում էր կաթնամանը, ասես ավազի հատիկներ էր թափվում։ Այդպես էին զնգում ժամի զանգերը։

Բարեկամներ եկան, ծանոթ-հարևաններ։ Քեզ աչքալուս էին տալիս, ինձ՝ բարի գալուստ։ Շատերին ես մտահան էի արել, հարկավոր էր մի դեպք ասեր, որ նրան վերհիշեի։ Եվ երբ