Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/114

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


նրանք հեռացան, պատի ճեղքում պահած կեղտոտ փալասի կտորը հանեցիր, միջին՝ տուրքիդ թղթերը։ Ջոկեցիր և ամենից նորը մեկնեցիր.

— Մի տես՝ ի՞նչքան են ուզում...

Ավան ամի, դու այնքա՜ն քիչ ես տալիս։ Ասացի այդ, բայց չհամոզվեցիր։

— Դե մի էգուց գրիր, որ չառնեն։ Գրիր, խոսքիդ մերժում չի լինի։

Հետո նորից փաթաթեցիր փալասի մեջ, դրիր պատի ճեղքում։

Ճրագն աղոտ լույս էր տալիս, ճրագի տակ այնքան սև էին տան պատերը, օճորքի գերանները։ Գետնին՝ նանու տեղ-տեղ կարկտած կարպետն էր: Մեկնվել էի կարպետի վրա, որովհետև չկարողացա քեզ պես ծալպատիկ նստել։

Հարց ու փորձ արիր։

— Գործիդ անունն ի՞նչ ա...

Հետո հարցրիր, թե ի՞նչքան են փող տալիս, և երբ ասացի, զարմացար։

— Էդքան փողն էլ մարդ կարա ծախսի՞։

Քիչ հետո ինքդ քեզ պատասխան տվիր։

— Դե որ հացն առնովի լինի, ջրին էլ փող տան, սելի չափ էլ որ փող ստանաս, առաջը չես առնի։

Հարցրի քեզ գյուղից, շրջանից։

— Գյուղս Արսենն ա կառավարում, դե պրիստավի տեղն էլ Սուղու տղան ա...

Շրջանի կենտրոնում առաջ պրիստավ էր մնում։ Հիմա դու ճանաչում ես միայն Սուղու տղին և Արսենին, ավելի վերև քեզ համար անթափանց խավար է։ Քո ամենահեռու տեգր Սուղու տղի գրասենյակն է։ Դու սրտաբաց ես գնում նրա մոտ, ճանաչում ես նրան էլ, Սուղուն էլ։

Պատմում էիր գյուղից, ու կամաց-կամաց ձայնդ թուլացավ, պատմությունդ ընդհատեցիր, նստած տեղդ էլ քնեցիր, խոսքդ բերանում կիսատ մնաց, որպես կուլ չտված պատառ։

Ճրագը հանգավ, ինչպես քո խոսքը։ Մութի մեջ ճպուռ էր, թե՞ ծղրիդ, պատի ճեղքում ծղրտաց այնպես, ասես մեկը ժամացույց լարեց։ Մի քիչ հետո ուրիշ ծղրիդներ էլ կանչեցին...