Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/117

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՐԱԲԱՋԻ ԶԱՔԻՆ

Գյուղում միայն Արաբաջի Զաքու տունն է թիթեղյա կտուրով։ Այդ տունը, որը գեղի գլխին է, կարծես ջոկվել է մյուս քարակույտերից և առանձնացել, որպեսզի իր նախշուն կտուրը չաղտոտվի գյուղի մոխրից ու զիբիլից։

Թիթեղյա կտուրով այդ տունն անհաշտ է գյուղի հետ և իր բարձունքից հպարտ նայում է ներքևը, ուր աղտոտ բակերում աղբի ու կվաջրերի մեջ վազվզում են կիսամերկ, կեղտոտ մանուկներ, վնգստում են շան լակոտներ, կարիքի ու մութի դեմ կռիվ է տայիս գյուղը։

Արաբաջու տան առաջ ընդարձակ բակն է, կողքին փոքրիկ բանջարանոցը, որի մի անկյունում իրար վրա դարսած են ցեխապատ քթոցները։

Ունևոր է թաքին։ Տարին տասներկու ամիս նոքարը նրա տանն անպակաս է լինում։ Ամեն ինչից էլ ունի՝ ձիու պայտից մինչև չոր գերանը։ Եթե գյուղում մեկին մի բան է պետք լինում, Արաբաջու ներկած դարպասն է ծեծում։

Եվ Զաքին ունեցածը չի մերժում, բայց գիտե, թե ում պետք է տալ։ Ամենքն էլ գիտեն, թե ինչպես է, որ նա իր ունեցածից տալիս է և միշտ էլ ավելացնում։

— Նա էն ժամանակ իր բեռը դիզեց, երբ որ դուքան ուներ, և տղեն էլ պրիստավի մոտ պիսեր էր,— ասում էին գյուղացիք, երբ ջահելներից մեկը զարմացած հարցմունք էր անում, թե՝

— Էս Արաբաջոնց տան ապրուստը հորո՞վ ա, թե ձորո՞վ, որ վերջանալ չունի...

Զաքին իր դիրքը գիտի։ Ճիշտ է, նա մի քիչ իրեն զսպված