Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/119

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ասա թող երեսիս շատ չխոսի, լեզուն մի քիլ հավաք պահի,— դարձավ նա Հավողին, որ կարկատ ած շալի տուտով երեսը ծածկել էր և գլուխը խոնարհել նրա առաջ։

Ջավոն ուրախ տուն եկավ, բայց ինքն էլ չիմացավ, թե ինչո՞ւ արցունքներ եկան աչքերից։ Արցունքները սրբեց, որ Օվիսը չտեսնի և պատմեց որդուն։

Որդին անտրտունջ համաձայնվեց։ Վաղուց էր որոշել նոքար մտնել, արդեն հասակն առած տղա էր, մի տեղ աշխատանքի պիտի գնար։ Բայց Զաքու մոտ չէր ուզում ծառայել, ուրիշի մոտ էր ուզում նոքար գնալ։ Հիմա, որ Զաքին համաձայնվել էր, էլ անհնար էր ուրիշի մոտ ծառայել։ Զաքին մի թշնամություն կաներ նրան, ով իր խոսքը տափով կտար։

Օվիսը դուրս եկավ տնից, անցավ Զաքու դարպասի մոտով ու նստեց գյուղի վերև սեպի պես ցցված քարի վրա։

Նստել էր Օվիսը քարին, նայում էր գյուղին ու միտք անում, թե որքան պիտի աշխատի, որ էլ նոքար չլինի։ Տանը հասած քույր ուներ և մի փոքր եղբայր։ Նրա հոգսն ավելի քույրն էր. շոր չունի, բոբիկ է։ Ո՞վ է նրան առնելու, ում ցավն է աղքատի օջախից կրակ վառել։

Օվիսի հայրը վաղուց էր մեռել։ Մրսել էր հանդում ուրիշի համար վար անելիս։ Այն ժամանակ Օվիսը խելքը դլխին երեխա էր։ Միտն ընկավ, թե ինչպես մի հավ կռան տակին գնաց Զաքու դուքանից շաքար առնելու հիվանդ հոր համար։ Զաքին հավը տնտղեց ու քմծիծաղ տալով ասաց, թե աղքատի հավն էլ է լղար։ Հետո շաքարը կշռելիս, հարցրեց թե՝

— Ապերդ հոգի ա՞ տալիս...

Հոր մահից հետո տան պակասն ավելի շատացավ։ Մի կով ունեին, էն էլ տարան տուրքի դիմաց, և իրենց մնաց երկու այծ և ութ հավ։

Իրիկուն էր արդեն, երբ նա տուն եկավ, մի քիչ չոր հաց ջիբում դրեց և էլի դուրս գնաց ընկերների հետ զրույց անելու։ Ընկերներ ուներ, իր նման աղքատ, չարքաշ աշխատող։ Գյուղում նրանց անվանում էին «Ղարիբանոցի» խումբ։ Ղարիբանոցը գյուղի աղքատ թաղն էր, ավելի կեղտոտ, ավելի ավերված։