Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/12

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՇՈՏԸ

Աշոտը մեր վաշտի զինվորներից էր։

Բարձրահասակ, գունատ մի պատանի էր նա, Շիրակի դաշտից։ Նոր էր եկել զինվորական ծառայության և անվարժ էր դեռ զորանոցի անհետաքրքիր, միապաղաղ ու դաժան կյանքին։ Երբեմն, ծանր աշխատանքից հոգնած, Աշոտը նստում էր քարի վրա, և ունկնդիր խաղաղ գիշերվա հեքիաթին, երգում էր հայրենի մելամաղձոտ երգերից։ Անուշ են Շիրակի երգերը, երկար ու ծործորուն,-Շիրակի արգավանդ դաշտերի նման, և խորհրդավոր, ինչպես գիշերն այդ երկրի… Լավ էր երգում Աշոտը. Նրա հոգու մեջ թախիծ կար, վշտի շեշտ կար երգերի մեջ։ Իսկ ո՞վ չէր թախծոտ այն ժամանակ, երբ հայրենի երկրի վրա չարագուշակ ամպեր էին կուտակված։

Օրեցօր հալվում էր Աշոտը, դեմքը գունատվել էր, համարյա դեղնել. այտերը փոս էին ընկել, քունքերի երակները կապտին էին տալիս թույլ-թույլ բաբախում։ Աչքերը երազկոտ, մարվող ճրագի պես մեկ բոցավառում էին, մեկ նսեմանում։ Բոլորն էլ ափսոսում էին նրան, ցավն էին ուզում իմանալ, բայց ոչ ոք չէր կարողանում, շատ քչերն էին իմանում, թե ինչո՞ւ երբեմն աչքերը կարոտով հառում էր դեպի հայրենի դաշտերը։

- Էն սարերից դենը մեր դաշտերն են, ծաղկունքով, կանաչով հարուստ մեր դաշտերը։ Էնքան նախշուն է մեր երկիրը։

Աշոտը հայրենի գյուղն էր ուզում գնալ։ Մի քանի անգամ խնդրեց վաշտապետին, բայց նա մերժեց։ Հայրենի երկրի կարոտը մաշում էր նրան, և օրեցօր նիհարում էր։

- Մեկ տեսնեմ մեր դուրանը, էլ մեռնեմ, հեչ դարդս չի…