Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/123

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Օվիսն այդ իրիկուն Զաքու տանը հաց էլ չկերավ։

— Կփոշմանես շան նման,— հետևից զայրացած կանչեց Զաքին և կարդացրեց, որ նրա բաժին թանապուրը Օրուջին տան։

Օրուջր նստել էր գետնին, նրանց սեղանից մի քիչ հեռու և գլուխը կախ ընթրում էր։ Նա գիտեր, թե ինչու է «աղան» չարացել։ Եվ իր մտքում Օրուջը մեղադրում էր Օվիսէն, նրան անխելք համարում։

Առավոտ կանուխ, երբ միասին գոմն էին ավլում, Օրուջը Օվիսին ասաց.

— Այդպես չի լինի, աղան հարուստ ա, մենք քյասիբ։ Եվ խնդրեց, որ այդ մտքից հետ կենա, դարձի դա, Զաքու սիրտը շահի ու իր քյասիբության մասին մտածի։

Օվիսը ժպտաց, աղբով լի քթոցը շալակեց ու դուրս եկավ գոմից։ Նա շատ անգամ էր խոսել Օրուջի հետ, փորձել էր նրան իր կողմը քաշել, գրել կարդալ սովորեցնել, բայց Օրուջն այդ չէր ցանկացել։ Սովորելը նա իր ուժերից վեր էր համարում։

Բարի էր Օրուջը, խավարամիտ ու անգիտակից, աչքը ծայր աստիճան չքավորության մեջ բացած, տնով–տեղով սրա–նրա մոտ նոքարությունով գլուխ պահող ընտանիքի զավակ։ Տանն ուտելիք չկար, իր գլուխն էր պահում մի փոր հացով։ Զաքին նրան երկու ,ոչխար էր խոստացել մի տարվա ծառայության համար։

Օրուջը հրաժարվել էր պայման կապելուց։ նա ուրախացել էր, որ Արաբաջու մոտ նոքար է, որովհետև Զաքին նրան այդ պես էր սովորեցրել։ Օրն ի բուն աշխատում էր, պառկում գոմում, փտում էին շորերը կծծահոտի մեջ, բայց մի բառով էլ դժգոհությոէն չէր հայտնում։ Աչքն իր երկու ոչխարի վրա էր, որ տարին լրանալուց հետո պիտի տուն քշեր։

Օրուջն Օվիսին սիրում էր։ Նա ճանաչում էր նրանց աղքատ ընտանիքը, տեսնում էր, որ Օվիսը լավ աշխատող է, բայց չէր հասկանում, թե ինչո՞ւ է նա Արաբաջուն հակառակ, ինչու է պայմանագիր կապել։ Եվ նա մտքում դրել էր լուռ ու խոնարհ նոքար լինել, երբեք չտրտնջալ։