Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/126

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Երգը փոխեցին։ Այս անգամ մի ուրիշն էր երգում. նա, որ Թևանի աջ կուռն էր, թալանով իր տունն էր լցրել։

Օվիսն էլ չդիմացավ, գոմի գուռը բաց արեց ու ասաց.

— Զաքի գայի, էգ երգը մի ասի, լավ չի լինի...

Մի պահ լռեցին։

Հետո Արաբաջին գռռաց.

— Դե կորի, շան ձագ...

Օվիսը մի երկու քայլ էլ արեց ու նորից խնդրեց։ Հարբած խումբը լռած և անմիտ աչքերով, բերանը բաց նայում էր Օվիսին։

— Ես քո խրատողին էլ, քո Լենինին էլ,— բղավեց Զաքին ու տեղից ծառս ելավ, ամեհի գաղտնի պես։

Օվիսի արյունը գլխին խփեց։ Նրա աչքին ընկավ գինու տիկը։ Մոտ վազեց, տիկը գետնով տվեց։ Կարմիր գինին խառնվեց գոմի կվաջրին։

Տաքին եզան կապն առեց ու մի քանի անգամ հասցրեց Օվիսի մեջքին, կռան։ Օվիսը ծառս էր լինում, ծռմռատվում հարվածների տակ, չանգռոտում Զաքու երեսը, բեղից ու մազերից քաշում։ Մեկը հետևից քացի տվեց, և Օվիսը փռվեց գետնին։ Արյունը բերանն էր լցվել, լնդերքում զգաց մի սուր ցավ։ Եվ Օվիսի գինու պես կարմիր արյունն ևս խառնվեց կվաջրին...

Օվիսը տնքում էր հազար կարկատանով վերմակի տակ պառկած։ Ցավում էին մեջքը, ուսը, ջարդված ատամի տեղը մրմռում էր։ Ճրագի աղոտ լույսի տակ հազիվ էր նշմարվում աչքի տակի ուռուցքը։

Ջավոն շուտ-շուտ փալասի մի կտոր թաթախում էր ջրի մեջ, որդու գլխին դնում։ Եվ երբ Օվիսը աչքերը բաց էր անում, մայրը կռանում էր նրա վրա, հարցնում.

— էլի ցավը կա՞...

— Հիմա մի քիչ լավ եմ,— պատասխանում էր Օվիսը, աչքերը նորից փակում։

Գլխավերևում նստոտած ընկերները, երբ Օվիսն աչքերը բաց էր անում, մի քիչ մոտենում էին, սիրտ տալիս։