Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/130

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հիմա յա խեղճացել։ Մարանենց Մինան մի ժամանա՜կ ուներ որ…

— Ձեռքովը գա, հիմա էլ կանի,— ձայնեց մի ուրիշ կին, որ օգնում էր Աննային՝ բեմը սարքելու։

— Ասում են հարսին գերեզման գցողը սա է եղել... Էնքան թուք ու մուր է տվել երեսին, ծեծել... Հիմա եկել ու քաղցր զրույց ա ուզում անի մեզ հետ։ Էգուց տես ինչեր ա պատմելու մեր մասին...

Աննան և սարքում էր բեմը, և կիսականջ լսում ընկերների խոսք ու զրույցը Մարանենց պառավի մասին։ Եվ երբ բեմից իջավ, որ հեռվից նայի պատերից կախ կարպետներին, հանկարծ աչքն ընկավ սեղանին ու սեղանի վրա դրած շալին։ Աչքն ընկավ, ու մի վայրկյան աչքը սառած մնաց։

— Հը՞, զարմացա՞ր։ Տես ինչ շալ եմ առել,— ասաց շալի տերը, նկատելով Աննայի սառած հայացքը։

— Չէ, էնպես աչքս ընկավ... Ախչի, մի տեսեք բեմը պակաս տեղ հո չունի՞... —Ու մինչդեռ այս ու այն կողմից ձայն էին տալիս, մեկը՝ թե կարպետը ծուռն է կախած, մյուսը՝ որ բեմը լավ է սարքած,— Աննայի աչքը շալին էր։ Կամաց–կամաց դեմքի արտահայտությունը փոխվեց, զգաց, որ հոգնել է ու նստեց տախտակի վրա...

Այդպիսի շալ ուներ և քույրը։ Փաթաթվում էր միջին, երևում էր միայն աչքն ու ունքը։ Այնքա՜ն սիրուն էր Փառանձեմը ծաղկանկար շալով։ Նստում էին տան առաջ, թթենու տակ, խաղեր էին անում, Փառանձեմը տիկնիկներ էր շինում, տալիս իրեն։ Եվ իսկույն Աննան պիտի վազեր հարևանի աղջիկներին ցույց տալու իր նոր տիկնիկը։

Աննայի միտն ընկավ, թե ինչպես մի անգամ տեսավ քարերի վրա ընկած բարակ, երկար, պսպղուն կտոր... Ուրախացած մոտ վազեց, որ վերցնի, Փառանձեմը տեսավ ու ծկըլթաց։ Քարերի վրա գարնան արևի տակ տաքացող օձը կամացուկ շուլալվեց ու պահվեց քարերի արանքում։

Աննան ժպտում էր։

– Էն ո՞ւր փախավ կտորը...

— Էն օձ էր, օձ...Որ բռնեիր, ձեռքդ կկծեր,— ասաց Փառանձեմը ու գրկեց նրան։