Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/131

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նստում էին թթենու տակ, ու եթե տանը մարդ չէր լինում, Փառանձեմն Աննային ուղարկում էր հարևանի աղջկան կանչելու։ Ծնողներն անհաշտ էին իրար, գնալ-գալ չունեին։ Իսկ Փառանձեմն ու հարևանի տղջիկր մոտ ընկերներ էին։ Եվ հենց որ տանն էլ ուրիշ մարդ չլիներ, Փառանձեմը կասեր…

— Աննա, գնա Սրբուհուն կանչիր... Համա լեզուդ կկտրեմ, որ ուրիշին ասել ես։ Էլ տիկնիկ չեմ շինի քեզ համար։

—Ինչի ես նստել, Աննա,— ձայն տվավ սեղանի վրա թուղթ խմորող կինը,— վե'ր, գործ արա։ Էգուց մարտի 8-ը լինի, դու պարապ նստելս...

Աննան ցնցվեց, սթափվեց։ Ձեռքերը մազերին տարավ, երեսի վրա կախ ընկած մազերը ետ քաշեց, մոտեցավ սեղանին։ Մի կին պատմություն էր անում։ Աննան խմորը մատով քսում էր թղթին, դեն դնում։ Մի ուրիշը խմորած թղթերը փակցնում էր ծխից սևացած, հարյուր տարվա պատերին։

Մի անգամ էլ բակում նստել, միամիտ խաղում էին։ Հանկարծ դուռը բացվեց, մայրը ներս մտավ ու Փաոանձեմին ասաց․

— Գնա մազերդ սանրի... էն կապույտ դեյրադ էլ հագի։ Տունը մարդ ա գալու։

— Բա ե՞ս…— հարցրեց Աննան։ Մայրը չպատասխանեց, ավելն առավ և սկսեց արագ–արագ ավլել սրահը, գետնին խսիր փռել։ Փառանձեմը նայեց, շատ նայեց Աննային, ու երբ մայրը մի անգամ էլ կանչեց, վեր կացավ ու ներս մտավ տուն։

Մի քիչ հետո Մարանենց պառավն եկավ։ Ու դեռ չէին քչփչացել իրար հետ մայրն ու Մարանենց Մինան, երբ ներս մտան հայրն ու մի ուրիշ երկար հասակով մարդ, որ կռանալիս գլուխը դռանը զարկեց ու թոնթորաց։

— Ափի, էլի մեր եզը պիտի ծախե՞ս,— հորը հարցրեց Աննան։ Ի՜նչ ցուրտ էին այն մարդու մատները, երբ նա ձեռքը մեկնեց և Աննայի թշերից բռնեց։ Գոմում մի պառավ եզ կար։ Ամեն գարնան հայրը մտադրվում էր ծախելու, առնողները գալիս-գնում էին, ու եզը մնում էր գոմումը։ Այդպես էլ մնաց, մինչև որ մի առավոտ գոմում անշնչացած տեսան։

Թե ինչ կատարվեց այդ և հետագա օրերում, Աննան չէր կարող հասկանալ։ Ու մի օր էլ շատ միս բերին, Փառանձեմի