Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/133

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տեց տեղաշորում, աչքերը տրորեց, հետո նայեց մորը։ Մայրը մոտեցավ, կռացավ ու նրան համբուրեց։ Արցունքներն ասես մոր համբույրին էին սպասում, որ ծլլան։ Երազի պես թվաց Փառանձեմի դեմքը լուսադեմին։ Ականջին ինչ–որ բան ասաց, պինդ համբուրեց։ Իսկ Աննան տրտնջում էր, որ քունը տանում է։

Նույն օրն էլ գնաց քրոջը տեսնելու։ Ուրիշ տուն էր, ուրիշ մարդիկ, և ույդ ուրիշների մեջ լուռ ու անխոս Փառանձեմը։ Երկար հասակով մարդը գրկեց Աննային, ուզեց համբուրի։ Բայց Աննան դուրս թռավ նրա գրկից, վազեց քրոջ մոտ։ Բեղերն այնպե՜ս էին ծակում, և այնպես վատ հոտ էր գալիս նրա բերնից։

Այդ տանը մնաց մինչև իրիկուն։ Բաժանվելիս Փառանձեմը նրան միրգ տվեց, կանչեց մի անկյուն և ասաց․

— Սրբուհուն կասես, որ կիրակի օրը մեր բոստանում ինձ տեսնի։ Համա տես, որ ուրիշին ասել ես, էլ քեզ տիկնիկ...

Լացը խեղդեց, չկարողացավ խոսքը վերջացնի։

— Էստեղ լավ չի, արի գնանք մեր տուն,— ասաց Աննան։ Փառանձեմը ժպտաց։

— Դե, մութն ընկնում ա, գնա' բալիկ։ Նանին հիմա մենակ ա։ Խելոք կաց...

Գնում էր գալիս։ Մի քանի անգամ Փառանձեմը եկավ իրենց տուն։ Առաջվանը չէր։ Աննան ուզում էր, որ նստեին թթենու տակ, հավաքում էր գույնզգույն կտորներ, բայց Փառանձեմն էլ' առաջվա պես սիրուն տիկնիկներ չէր սարքում։

— էլ հերիք ա, Աննա. Մարանենց պատերը սաղ թղթեցինք,— ասաց կինը, որը Աննայի խմորած թղթերը փակցնում էր պատերին։

Կինն իր պատմությունը դեռ չէր վերջացրել։ Աննան լավ չէր լսել նրա պատմածը... Երկու ձիավոր էին... Կարճլիկ մարդը հենց նրանց տեսավ թե չէ… Այդ ժամանակ Մարանենց պառավը դեռ ջահել աղջիկ է լինում...

— Աննա, համ զրուցին ականջ արա, համ էլ սրանից մի հատ գրի, բեմից կախ տանք,— ասաց պատմություն անող կինը, Աննային մեկնելով թղթի մի կտոր և ապա բաց գիրքը։

Աննան գրքից պիտի արտագրեր մի քանի խոսք։ Փորձեց,