Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/135

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վերմակի ծայրին էր քսում և հույս էր տալիս, որ երկու օրից ուռուցքը կքաշի։

Մայրն անխոս էր։ Կռացել էր, երբեմն ձեռքով սրբում էր Փառանձեմի ճակատի քրտինքը։ Միայն Մարանենց Մինան էր, որ դալլաքի հետ զրուցում էր և մի պատմություն անում, թե ինչպես տարիներ առաջ մի ուրիշի գլխին էլ այդպիսի փորձանք է պատահել և թե ինչպես էր նա առողջացել։

— Փորձանք ա, կպատահի... Մարդս որ կա, մի անգիտուն հեյվան ա... Միայն տերը կարող ա փորձանքը իմանա։

Սակայն օրեցօր ուռուցքը շատացավ, վերքը թարախոտեց։ Փառանձեմը դժվար էր շնչում, չէր կարողանում տեղում շարժվել։ Ոչ ուտում էր, ոչ խմում և ոչ էլ խոսում։ Երբեմն աչքերը բաց էր անում, նայում սրան նրան, շրթունքները շարժում, բայց ձայնը չէր լսվում, թեկուզ կռանում էլ էին և ականջները մոտեցնում բերանին։

Ու մի անգամ մայրը նայեց աղջկա դեմքին, շարժվող շրթունքներին, Աննային ասաց․

— Սրբուհուն ա ուզում, Աննա, գնա կանչի...

Երբ Սրբուհին ներս մտավ, Փառանձեմը ժպտաց։ Չկարողացավ ոչ մի խոսք ասել։

Աննան տեսավ, թե ինչպես Սրբուհին աչքերը սրբելով, դուրս եկավ սենյակից, մի անգամ էլ ետ նայեց բաց դռնով և նրան կանչեց։

–Գիշերս գնանք մեզ մոտ, Աննա, նանիդ ու հերդ էստեղ են մնալու։

Առավոտ կանուխ, երբ Սրբուհու հետ միասին Աննան մոտեցավ Փառանձեմենց բակին, ներսից վայնասունի ձայն լսեցին։ Սրբուհին թողեց Աննայի ձեռքը, և, մազերը քանդելով, ներս վազեց։ Փառանձեմը մեռել էր…

— Ի՞նչ եղավ, Աննա, հը՞, էդ ինչ է, աչքերդ ջրակալած են,— հարցրեց կինը, որ պատմությունն արդեն վերջացրել ու նայում էր, թե ինչպես է Աննան շուռ ու մուռ տալիս թուղթը։

Աննան փղձկաց, արցունքները թափվեցին սպիտակ թղթի վրա։

— Ինչո՞ւ ես լալիս, Աննա... Գիժ հո չե՞ս…, էգուց մարտի 8-ն է, դու ճառ ես ասելու...