Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/137

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՐԵՎԱՆ, ՐԵՎԱ՜Ն...

Դաժունց Տիտոսի հագին տարին բոլոր ուրիշի շոր էր։ Հորթարած էր. վարձի դիմաց մեկը նրան մեջը ծակ հին փափախ էր տալիս, մյուսը տասն անգամ կարկատած տրեխ կամ հնամաշ, գունավոր կարկատաններով շալվար։ Ուրիշի մեծ փափախը ծածկում էր ականջներն ու ճակատը։ Եվ թեկուզ երկար շալվարը պարանով կապում էր կրծքի տակ, ծայրերը ծալում, դարձյալ նրա բարակ ոտքերին շալվարը նստում էր, ինչպես ճիպոտին հագցրած պարկեր։ Տրեխներն էլ անձրև օրերին թրջվում էին, լապռ մսի պես ծայրերը դեսուդեն ծռվում։ Տիտոսը ոտը դեռ գետին չգրած, տրեխի կախ ընկած ծայրն արդեն ցեխումն էր։

Տեսնողն այնպես էր կարծում, թե ծաղրի համար են Տիտոսին կոլորել շորերի մեջ, փափախի բրդի տակ ծակեր թողել, որ նրա ժիր աչքերը հսկեն հորթերին։ Ծաղրի համար, որ հորթերը բերելիս, գյուղի փողոցում կանգնած մարդկանցից մեկը բամփեր նրա գլխին և ծիծաղելով ասեր․

— Տիտո՜ս, չմեռնես դու, ճակատդ էլա մի բաց արա…

Տիտոսը միայն մայր ուներ, որ ամուսնու մեռնելուց հետո մի քանի տարի հավատարիմ էր մնացել առաջին մարդու կիսավեր տանը, բայց որովհետև նրա միակ ժառանգությունը՝ պոչը ծաղիկ կովը, հորթատել էր ու սատկել, սառած թոնրի պատերին էլ խմոր չէր փակցրել,— մի օր դրժել էր հավատարմության ուխտը, կուժ ու փալաս շալակել, փողոցն անցել և մտել մի տուն, որի դռնից իր ամուսնուն թաղելուց մի շաբաթ հետո հանել էին երկունքից արնաքամ եղած մի կնոջ դագաղ։