Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/138

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տան տերը հյուրընկալեց Տիտոսի մորը, սա էլ իր կուժը նոր տան կժերին խառնեց, փալասը փռեց հողե հատակին:

Դրսում մնաց Տիտոսը: Այդ իրիկուն նա հորթերը բերեց գյուղ, և երբ հորթերը բոլորն էլ շրթունքները կախ արիս մոր կուրծից, Տիտոսը տուն եկավ և կիսավեր տան մեջ միայն պառավ կատվին տեսավ, թոնրի սառը մոխրում նստած։ Կատուն մլավեց, մի անգամ էլ ապացուցելու այն խոսքը, թե ավերակում կամ բուն է կանչում, կամ կատուն մլավում:

Իհարկե, մոր սրտի տեղը քար չէր, երբ վախվխելով, որպես դուռը կորցրած հորթ, Տիտոսն ուրիշի դռնակը բացեց և կանգնեց: Մայրը լաց եղավ. այդ տեսավ Տիտոսը, մայրը ուրիշ խոսքեր ասաց, բայց խոսքերից ավելի քաղցրը յուղով հացի այն պատառն էր, որ մայրը արցունքները սրբելով գոգնոցի տակից ծածուկ հանեց և կոխեց Տիտոսի տոպրակը: Այդ գիշեր հարևանի դեզի վրա, կարպետի տակ Տիտոսը ծամեց յուղոտ հացը, ալքերը երկնքին, բայց միլիոն աստղերից և ոչ մեկն էլ չնշմարելով։ Նույն գիշեր մայրն ուրիշի բարձի վրա մի անգամ էլ լաց եղավ։ Ճիշտ է, քար չէր մոր սիրտը, բայց մարմինը միայն սրտից չէր կազմված։

Եվ այդպես սկսվեց Տիտոսի նոր կյանքը։ Որբ մնալուց հետո ուրիշների կարեկցության չափը նրա հանդեպ մի քիչ ավելացավ։ Եղան մարդիկ, որոնք մորը նախատեցին։ Սակայն այդ կարեկցությունը կարկատած տրեխներից ու փոստը ծակ փափախից հեռու չանցավ: Պատահում էր, որ սրա նրա շեմտոն մի օր կամ հարսանիքի գիշեր հորթարածը կաթսայում մնացածն էր սրբում մատներով և մատները լիզում, բայց այդ միայն դիպված էր նրա կյանքում։

Իսկ այդ կյանքը կանաչ սարերն էին, բազմատեսակ խոտերը, որոնցից մեկի արմատն էր քաղցրահամ, մյուսի ցողունը։ Կանաչ սարերում թոն ու անձրև, արև օրեր, երբ կարպետը փռում էր քարին չորանալու. աղբյուրի ջուր, ցամաք հաց և հորթեր, հորթեր, որոնցից ամեն մեկն իր տեսքն ուներ, և բոլորը միասին ընդհանուր սովորույթ՝ շոգ օրին տուն վազելու, մոր բառաչը լսելիս պոչը կեռացրած դեպի բառաչը փախչելու։

Հորթային հրճվանք, հորթի ոսկե մանկություն, որից