Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/143

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պատմելու այնքան բան ուներ Անտոնը. անցած տարիներն այնքան նման էին անցել Տիտոսի համար։ Եվ ինչ որ ասում էր Անտոնր «Թևանու՞ կողմի» մասին, Տիտոսին երազի պես էր թվում։ Գյուղի սարերից դեն նա ոչինչ չէր տեսել։

Այդ հեռու կողմերում եղել էր Անտոնը. նրա աչքերը տեսել էին մեծ տներ, որոնց նման գյուղում չկա։

— Փողոցներում էնքան մարդ կա՜, հազար, երկու հազար։ Ամեն օր ուրիշ քաղաքներից մաշին է գալիս։ Կառքեր կան, մեծ խանո՛ւթներ, ու ուզածդ կա ու չտես բաներ։ Ոնց ասեմ քեզ։ Դե մեր գյուղում երեք հարյուր մարդ չկա, երեխա, կնիկ, բոլորը հաշված։ Համա մենակ մեր ուսումնարանում էդքան աշակերտ կա... Հետո վագոնները... Տիտո՛ս, ավտանաբիլի խժժոցից խամ մարդը կվախի։ Խաղող ինչքան ասես, ձմերուկ։ Էնտեղ մեզ նման չեն վար անում, կորեկ սերմելը սովորություն չի։ Բամբակ են ցանում, մաշինի գութան էլ ունեն։ Վերջը ի՞նչ ասեմ է՜, ես որ գնացել էի, չորս օր աչքերս շաղված էին... էսպես զարմացք բաներ։

Տիտոսը շունչը պահած լսում էր։ Թևի տակ գիրքը սլաց, ընկավ։ Տիտոսը նստած տեղից մի քիչ շարժվեց, գիրքը տակն առավ, նստեց վրան։ Պատմելիք չուներ։ Ուզեց ասի, որ ինքն էլ է սովորում, բայց անկարևոր համարեց։ Եթե Անտոնը հարցներ, կասեր։

Իր տեսածից ոգևորված, գյուղում մնացած նախկին ընկերոջ առաջ Անտոնն այնքան հրաշքներ պատմեց «Րևաու կողմերի» մասին։ Երբ հեռացավ Անտոնը, Տիտոսը մի քիչ էլ նստած մնաց, հետո սթափվեց, նայեց Անտոնի ետևից։ Երազի պես թվաց հեռավոր Րևանը, վագոնները, որոնք ամեն օր մարդ են տանում, բերում։ Բայց չէ՜ որ Անտոնը տեսել էր, Անտոնն էր պատմում։ Տիտոսն էլ ականջով լսեց, նրա կոտրած ատամը տեսավ։ Ա՛յ, էլի ձեռքի ճիպոտով մոշի թփերին է խփում։

— Րևա՜ն, Րևան...

— Էստեղից մի օրում կհասնես Սիսիանի մհալին, էն տեղից էլ օր ու կեսվա ճանապարհ է, մինչև մաշինին հասնես։