Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/145

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Էին շարվեք Տիտոսի ճակատին, այլ արագ քայլելուց։ Մեջքը քրտնել էր. շապիկը կպչում էր, էլի պոկվում։

Տիտոսը ոչ քրտինքն էր զգում, ոչ էլ արևի տաքությունը։ Նրա միտքը ետ էր, եկած ճամփին, որի վրա կրած խուրձերից ընկած հասկեր կային, մի քիչ հեռու գյուղը, կալերը, խրձան դեգեր, իրենց կիսավեր տունը։

Օգոստոսի կեսին Անտոնը գնացել էր։ Գնալուց մի օր առաջ Տիտոսը նրան տեսավ դռան մոտ։

— Տիտո՛ս, էգուց գնում եմ...

Տիտոսը չիմացավ ինչ ասի։ Մոտեցավ Անտոնին՝ բարի ճանապարհ ասելու։ Ձեռք տալուց հետո, երբ մայրը ներսից Անտոնին կանչեց, և Անտոնը տուն գնաց, Տիտոսը դռան մոտ մի քիչ էլ կանգնեց։ Քարերը կճաքեին, եթե նրանք էլ այնքան ուժեղ ցանկանային Անտոնի հետ գնալ, ինչպես դռան մոտ ցանկացավ Տիտոսը։ Սակայն Անտոնը դուրս չեկավ տնից. Տիտոսը գլուխը կախ հեռացավ։

Տիտոսը միայն մորն ասաց, որ գնում է։ Ինչքան դժվար էր վերջին օրը։ Հորթերն էլ էին մի տեսակ մոլորվել։ Երեկոյան՝ հորթերին տեղաց անելուց հետո, անցավ այն փողոցով, ուր մայրն էր ապրում։ Դռնակից նայեց, մարդ չտեսավ։ Հենց ուզում էր հեռանա, մայրը դիմացի անկյունից դուրս եկավ։

— Նանի, առավոտյան գնում եմ։

— Ու՞ր։

— Րևան։

— Բա մենա՞կ, հաց, ճանապարհի ծախս...

— Բիլեթի փող ունեմ, ամառս եմ հավաքել, դե տոպրակս էլ հացով լիքն է։

Տիտոսը տեսավ մոր արցունքները։

— Բա շոր, գուլպա... Ընկեր ունե՞ս, ճանապարհը...

— Լիքը մարդ է, ինչ կա որ... Հրեն էն սարն է, սարը որ անց կացար, Րևանը մոտ է,— ասաց Տիտոսն այնպես վստահ, կասես Երևան գնալը նրա համար գյուղի ջաղացի ճանապարհնը էր։

— Դե էդտեղ ոտը կաց, տեսնեմ էն Ազրայելը տանը չի՞...

Ազրայելը նրա երկրորդ ամուսինն էր։ Տիտոսը գիտեր, որ մայրը նրա ձեռքին լավ օր չի քաշում։ Ճիշտ է, այդ հանգա-