Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/147

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

միանում և երկուսի խառնուրդից ճանապարհը մի քիշ ավելի էր լայնանում։

Ջրի մոտ Տիտոսը քաղց զգաց, մոր շինած պաշարը բաց արեց։ Երբ կռացել էր ջրի վրա, կողքին ոտնաձայն լսեց, վեր կացավ։

Հարևան գյուղից մի իշավոր գնում էր նույն ճամփով, ինչ որ Տիտոսը։ Նա հացը մեջքին կապեց, միացավ իշավորին։

***

Բարձր սարերը ջրբաժան սահման են երկու մեծ գավառների մեջ։ Սարերի արևմտյան փեշերից սկիզբն առնող մանրիկ գետակները ստորոտում միանում են իրար, որպեսզի ներքև, սարահարթում, կազմեն հանդարտահոս և լայն տարածվող մի գետ։

Հաջորդ առավոտյան ջրբաժան սարերի գլխից Տիտոսը հետ էր նայում սարահարթին, որի գնդաձև փոսերի մեջ ընկած էին մեծ ու փոքր գյուղեր։ Այդ գյուղերից մեկումն էր գիշերել Տիտոսը, առավոտ կանուխ զարթնել, շարունակել ճանապարհը։

Մի պառավ կին հյուրընկալել էր նրան, քնելու տեղ տվել, հարց ու փորձ արել։ Լուսաբացին պառավը թանով ապուր էր եփել։ Եվ երբ Տիտոսը փայտի գդալով տաք ապուրն էր ուտում, պառավը սիրտ էր տվել նրան։

— Ճանապարհը լիքը մարդ է, գնացող եկող շատ կա։ Հենց մի ճանապարհ է գնում մինչև սարի գլուխը, էն տեղից քեզ ցույց կտան...

Այդ մի ճանապարհով էլ բարձրացել էր Տիտոսը, ճանապարհին մի քանի հոգի տեսել, որոնք զարմանքով էին նայել նրան։

— Էս հասակին, որ սա վախ չունի մենակ գնալու, ուրեմն սրտոտ տղա պիտի լինի,— ասաց մեկը, որին Տիտոսը հարց տվավ, թե երբ կհասնի կոտրած քարվանսարին։

— Արևով կհասնես... Առաջիդ իշավորներ են գնում, որ ուզենաս՝ նրանց կհասնես,— ասաց մարդը։

Տիտոսը քայլերն արագացրեց։ Ինչքան բարձրանում էր