Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/148

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սարն ի վեր, օդն այնքան սառնանում էր, կանաչն ավելի շատանում, թեկուզ աշնան սկիզբն էր։

— Ա՜յ հորթերը էստեղ չինեին, ի՜նչ կուտեին,— մտածեց նա, հետ նայեց մի ուրիշ լեռնաշղթայի, որի գազաթներին ամպ էր նստած, և որի հետևին հայրենի գյուզն էր:

— Տեսնես հիմա հորթերն ո՞վ է պահում...

Կածանով մենակ էր բարձրանում, ինքն իրեն միտք անում։ Հեռվից՝ նա անտառից մոլորված արջի քոթոթի էր նման, որ ընկել էր բացուտի մեջ, բրդոտ ոտքերն արադ էր փոխում, մյուս անտառին հասնելու համար: Չլինի՞ թե բացատում տեսնեն իրեն։

Գադաթին ամպերր թանձրացան, բրդի գորշ մալանչների պես իջան գետնին, փաթաթվեցին ոտքերին, շորերի վրա խոնավություն մաղեցին, տրեխները թացացան։ Ճանապարհը հազիվ էր երևում. ամպը մեկ խտանում էր, մեկ նոսրանում: Նոսրանալիս նա ճանապարհն ավելի հեռուն էր տեսնում, բայց երբ խտանում էր, Տիտոսին թվում էր, թե ճանապարհն էլ է հալվում ամպի մեջ։

Եթե հանկարծ մոլորվեր, հեռանար ճանապարհից, մութն իջներ ու մնար սարում։ Այդ միտքը վախեցրեց նրան, ուզեց կանչի, քայլերն ավելի արագացրեց։ Գուցե հասներ իշավորներին։ Միայն թե չմոլորվեր, ամպած գիշերը սարում չմնար։ Հանկարծ գայլերը քարի տակից ցցվեին ճամփի վրա։ Ի՞նչ պիտի աներ... Ինչո՜ւ նստեց ամպը սարին։ Արև լիներ, ինչպես երեկ, ոչ մենակություն կզգար, ոչ վախ։

Տիտոսն իր մտքերի հետ էր․ հսկա քայլեր էր անում, հանկարծ տեղում մեխվում, երբ ականջին շշուկ էր հասնում կամ աչքն ընկնում էր ճամփից հեռու ընկած տձև քարերին։ Գուցե գայլերն են մրափած։

Նա արդեն սարի ջրբաժան սահմանն անցել էր, հետ էր թողել սարահարթն ու ծառաստանների մեջ թաղված գյուղերը, մհալի հանդարտահոս գետը։ Եթե արև լիներ, գագաթից վերջին անգամ կտեսներ այդ ամենը, հեռու կապույտի լեռնապարը, որի հետևին հոր կիստվեր տան սառած թոնիրն էր, մայրը, պառավ կատուն, որ արդեն վայրենացել էր։

Մի շուն հաչաց, երկրորդը նրան ձայնակցեց։ Տիտոսը