Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/15

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՆՏԱՌՈՒՄ

(Ընկերոջս՝ Վաղոյին)

Երկար ճամփից հոգնած ու դադրած մի օր, լուսաբացին ես անտառ մտա, հինավուրց անտառը, որի միջով ճամփես էր անցնում, և պառկեցի կիսաչոր կաղնու տակ՝ կանաչի վրա։

Վաղուց էր, որ անտառում չէի եղել։ Ծառերը մի քանի անգամ ծաղկել էին այն օրից, երբ ես արևամուտին, անտառի կանաչազարդ ուղիով անցա դեպի անհայտ հեռուները, այնտեղ, ուր արևն էր հանգչում։

Եվ անտառն աչքիս փոխված երևաց։

Կարծես մի չար ձեռք ամենալավ ծառերն էր ջարդել և արմատախիլ արել փոքրիկ ցարասենիները, որոնց մեղմ սոսափն ինձ հիշեցնում էր մանկուց լսած հեքիաթներն անուշ։ Եվ ամեն անգամ, երբ անտառ էի գալիս, հոգիս անհունորեն իր ծալքերն էր բացում, ես ինձ երջանիկ էի զգում, որ անտառի անուշ բույրն եմ վայելում, և ունկնդիր ծառերի սոսափին, մտորում էի վաղուց մոռացված բաների մասին։ Փոքրիկ ցարասենիները չկային… Ինչքա՜ն հաճելի էր փեթթել նրանց տերևները և մեկ-մեկ նետել պաղ ջրի մեջ։

… Իսկ այժմ ոչինչ չկար, անտառն ասես մեռել էր։ Առաջվա գրավչությունը չկար։ Ծառերը կարծես պառավել ու կորացել էին և հովի ամենաթեթև շնչից օրորում էին իրենց կատարները, ճիշտ այնպես, ինչպես ծերունին է երերում իր գլուխը, երբ հին, անցած-գնացած օրերի հաճույքն է հիշում:

Ճղակոտոր ու կիսաչոր ծառերը հուսահատորեն իրենց մերկ կատարները դեպի վեր էին ուղղել և մի անհայտ Աստծու