Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/150

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դժվար էր որոշել տափարակի կապույտ հորիզոնը։ Հարթ երկիրն աննկատորեն միանում էր կապույտ երկնքի հետ, հեռուներում կազմում մի այլ աշխարհ, որ ոչ ծով է, ոչ երկինք և ոչ էլ անծայր անապատ։

Ետևն ամպոտ սարն էր, որի վրայից նա անցավ։ Սարի գլխին դարձյալ ամպ կար։ Մի պահ Տիտոսին այնպես թվաց, թե սարը մինչև երկինք է հասնում, շները բարձր ամպերի մեջ վրա տվին իրեն։

— Չո՛ւ, չո՛ւ,— լսեց Տիտոսը, երբ մի քիչ էլ ցածրացավ ճանապարհով։ Բարձրացավ քարի գլուխը, նայեց ձորին։ Իշավորներն էին։

Արևը մայր էր մտել, երբ հոգնած քարվանը հասավ կոտրած քարվանսարին։ Քարվանի հետ իջևանի բակը մտավ և բեզարած Տիտոսը։

Գիշերով քարվանսարա ուրիշ ուղևորներ էլ եկան։ Հայեր կային, թուրքեր՝ իշով, ձիով։ Ուղտապաններ եկան, որոնք ուղտերով նավթ էին տանում այն մահալը, որտեղից ինքն անցավ։ Գուցե ուղտապաններից մեկն էլ իրենց գյուղը նավթ տանի։

Տիտոսը պառկեց խսիրի վրա, պայուսակը գլխի տակ։ Միտն եկավ, թե ինչպես էր ուղտապանը գյուղում կանչում.

— Նավութ ալան, ա՜յ նավութ ալան...

Հավաքվում էին նրա գլխին, և մինչև գյուղը նավթի գինը չորոշեր, ոչ ոք նավթ չէր առնում։ Ուղտապանը բարկանում էր, սպառնում հեռանալ։

Ցեխապատ սենյակում հատակի խսիրների վրա պառկել էին բեզարած ուղևորները, ով որտեղ ազատ էր տեսել։ Մեկը ձիու հարդով լի պարկն էր դրել գլխի տակ, ուղտապանը նավթոտ ջվալն էր գցել մեջքին։ Շատերը խոր քնի մեջ խըռացնում էին, ոմանք օջախի մոտ նստած գեռ թեյ էին խմում։ Քարվանսարայի տերը շուտ-շուտ ներս ու դուրս էր անում, գիշերով ճանապարհվողներից հարկն առնում, հարդ չունեցողներին հարդ տալիս, էլի նստում տախտակների մոտ, նավթի