Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/152

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տակ Տիտոսր տեսնում էր տան ցեխապատը, եղեգնով ծածկած կտուրը։

Իրենց գյուղում պատերը քարից են, շատ տների կտուրներն էլ է սալ քար, հաստ գերանների վրա։ Ինչքան կզարմանային գյուղում, եթե մեկը իր կտուրը եղեգնով ծածկեր։

Քնելուց առաջ Տիտոսի վերջին միտքն այն մասին էր, թե չի՞ կաթում այդ կտուրը անձրև օրերին։ Հետո քունն իջավ, միտքն օրորաց, հալվեց, որ կեսգիշերին դառնա երազ։

Երազի մեջ Անտոնն էր, ձեռքի ճիպոտով խփում էր մոշի ճյուղերին, տերևները փրցնում։ Կանչում էր, Անտոնը պատասխան չէր տալիս։ Ձեռք էր, թե հորթի ոտք կրծքի վրա, ձայնը լավ չէր հնչում։ Հնի մեջ շարժվեց, երազը փոխվեց...

Առավոտյան Տիտոսն ուշ զարթնեց. քունը հաղթել էր նրան։ Նստեց խսիրի վրա, աչքերը տրորեց, մի պահ զարմացած նայեց չորս կողմը։ Հետո վերհիշեց քարվանսարան, օջախի գիշերվա կրակը։ Կողքին քնած մարդ չկար։ Բակում ուղտապանները նավթի պարկերն էին բարձում ուղտերին: Իշավորները տոպրակի մեջ դարման էին լցնում։

Իջևանի առաջ՝ առվի ջրում, Տիտոսր երեսը լվաց, ձեռքը տարավ պայուսակի հացին։ Ճամփի պաշար դեռ ուներ։ Պառավի տված բլիթները մնում էին, թեկուզ գլխատակին մի քիչ փշրվել էին։

Երբ մի քիչ հետո իշավորները ճանապարհ ընկան, Տիտոսն էլ պայուսակը ուսին նետեց, փայտը ձեռքն առավ, որ հետևի նրանց։ Իջևանի տերը տեսավ այդ, կանչեց.

— Ա ջահել, քնելուդ փողը...

Տիտոսը զարմացած կանգնեց։ Նա չհասկացավ, թե ինչու պիտի փող տա քնելու համար։ Այնքան մարդ էր գնում գալիս, և գյուղում ոչ ոք մտքովն էլ չէր անցնում փող տալ։ Ի՞նչ կասեին։ Բայց երբ ուղտապանները ծիծաղեցին, մեկն էլ սրախոսեց, թե՝

— Քեռու տունն է կարծել,— Տիտոսը համոզվեց, որ այդ օրենք է, սահմանված կարգ։ Ինչո՞ւ Անտոնը չէր ասել այդ մասին։

Ուղտապանները տեսան, թե ինչպես նա երեսը մյուս