Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/154

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ուղտերին, հետ վերադառնալ, մի ուղտապանի հետ գնալ գյուղը։ Մեկ էլ հետ վանեց այդ միտքը, պետին ընկած փայտն առավ և արագ քայլերով իջավ ձորի լայն ճանապարհով։

Արևը կեծացել էր։ Գյուղում արևն այդպես խանձում է միայն ամռան օրերին։ Արևից քարերը տաքացել էին, ձորը թվում էր երկար կոկորդ, որի միջով երբեք սարի հովը չի անցել։ Չէր երևում աշնան կանաչը, և եթե ամպի մի քուլա էլ մոլորվեր, հասներ ձորին, տաքը սարի ամպին պիտի հալեր։

Ձորի միջով հոսող պղտոր գետակի ափերին բուսել էին դեղձի ու ծիրանի ծառեր։ Տիտոսի տեսածը խնձորի էր, կեռասենի ու տանձի։ Իջավ ձորը, մոտեցավ ծիրանի ծառին, նայեց և չկարողացավ որոշել խնձորենի է, թե տանձի։ Կռացավ գետակից ջուր խմելու։ Սարի ետևին կանաչի հետ մնացել էին և սառնորակ ջրերը։ Ձորի գետակի ջուրը փտած խոտի համ էր տալիս։ Տիտոսը միայն բերանը ողողեց, ճանապարհ ընկավ...

Եվ երբ իշավորներին հասավ ու նրանց էլ պատմեց փողի մասին, մի քանիսն իսկույն հարցրին, թե ինչքան էր։

– Ոչինչ, անցածն անցել է,— ասաց ծերունի իշապանը, որի երկար, կախ ընկած ոտքերն իշու քայլերի հետ օրորվում էին։

Արևը նեղացնում էր։ Տիտոսը փափախով սրբեց քրտինքը, արխալուղը հանեց։ Ուսին գցելուց առաջ մի անգամ էլ նայեց աստառին, որից բարակ թելերով կապել էր փողի փալասը։ Թելերից երկուսը կախ ընկած մնացել էին։

Արևի, տակ ավելի շատ հոգնեց։ Փորձում էր ոտքերը գետնից բարձր վերցնել, բայց չէր կարողանում։ Տրեխները քսվում էին ճանապարհին, փոշի հանում, փոշին նստում էր բրդի շայվարի վրա։ Ծարավից լեզուն չորանում էր, պռոշներն էր յիզում, գլուխը երբեմն թեքում ձորի կողմը, գետի պղտոր ու անհամ ջրին նայում։

— Հիմա սարի աղբյուրի մոտ լինեի, ինչքա՜ն կխմեի,— մտածեց Տիտոսը։ Միտն ընկան հորթերը, աղբյուրը, որի սառը ջրում հաց էր թաթախում, խաղ անում ջրի հետ, ջաղաց շինում կամ ձեռքով մաքրում աղբյուրի ակը, խիճ ու ավաղ դուրս թափում։ Ջուրը նախ պղտորում էր, հետո